կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 13:30
Քաղաքական

Ինչո՞ւ է Արցախի տարածքում մշտադիտարկումն իրականացվում հարվածային ԱԹՍ-ներով․ Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է Արցախի տարածքում մշտադիտարկումն իրականացվում հարվածային ԱԹՍ-ներով․ Տիգրան Աբրահամյան

Tert.am–ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա անդրադառնում է Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնի աշխատանքին։ Հեղինակը նշում է, որ ի տարբերություն ռուսական կողմի, ադրբեջանական կողմը մոնիտորինգն իրականացնում է հարվածային ԱԹՍ-ներով, ինչը, ըստ նրա, բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս։ Հոդվածը կարդացեք ստորև։

Նոյեմբերի 10-ի եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության 5-րդ դրույթի իրագործման շրջանակներում, հունվարին հանդիսավոր կերպով բացվեց հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնը։

Պաշտոնական արարողությունից բացի, այս կենտրոնի աշխատանքների, դրա ընթացքի, արդյունքների մասին մանրամասներ գրեթե չկան։

Պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ծառայությունը, ինչ կարգով, ինչ ռեժիմով։ Ըստ այդմ՝ դժվար է ասել, թե այդ ծառայությունն ինչ հնարավոր խնդիրներ, ռիսկեր է ստեղծում Արցախի և արցախցիների համար։

Որքան հասկանում եմ տեղեկատվական դաշտում առկա սուղ տեղեկատվությունից, ռուսական և թուրքական կողմերն այդ աշխատանքները իրականացնում են առանձին, միգուցե որոշակի տեղեկատվության փոխանակման պայմաններում, սակայն յուրաքանչյուրն ունի իր առանձին մասնագիտական խմբերը, ծառայության իրականացման ռեժիմը և այլն։

Թուրքական որոշ աղբյուրներից միայն պարզ է դառնում, որ այդ կենտրոնի ստեղծման բանակցությունների ժամանակ, թուրքական կողմից, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բացի ակտիվ ներգրավված են եղել նաև արտաքին հետախուզության ներկայացուցիչները, իսկ նրանց շահագրգռվածությունն արդեն իսկ շատ բան է ասում այդ մոնիթորինգային կենտրոնում և դրա աշխատանքներում Թուրքիայի մասնակցության իրական շարժառիթների մասին։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ դա Թուրքիայի համար առիթ էր տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ապահովելու և իր հետագա ռազմաքաղաքական ծրագրերի համար անհրաժեշտ պլատֆորմ ապահովելու տեսանկյունից։

Այս առումով նաև ուշագրավ է, որ ի տարբերություն ռուսական կողմի, որը օդից մշտադիտարկումներն իրականացնում է հետախուզական  «Форпост» և «Орлан-10» անօդաչու թռչող սարքերի միջոցով, Թուրքիան ծառայության իր մասն իրականացնում է հարվածային՝ «Bayraktar TB2» սարքերով։

Ճիշտ է՝ թուրքական ԱԹՍ-ն ֆունկցիոնալ առումով նաև հետախուզություն իրականացնելու հնարավորություն ունի, սակայն ամեն դեպքում, խաղաղ բնակավայրերում հարվածային ԱԹՍ-ներով ծառայությունն արդեն իսկ բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս։

Ի դեպ, նախնական բանակցություններում խոսք էր գնում ոչ միայն օդից, այլ նաև Արցախի տարածքում մոնիթորինգի իրականացման մասին՝ պարեկային ստորաբաժանումների միջոցով, ինչին, կարծես, ընդդիմանում էր ՌԴ-ն, իսկ թե վերջնական առումով ինչ որոշում է կայացվել՝ չի ընդունվել, հետաձգվել է, թե առկախվել, դեռ հստակ տեղեկատվություն չկա։

Սակայն թուրքական պարեկային մեքենաների՝ հնարավոր ներկայությունը կամ հայտնվելը Արցախի տարածքում, էականորեն կմեծացնի լարվածությունը, եթե նույնիսկ դրանք իրենց տեղաշարժերն իրականացնեն ռուսական կողմի հետ համատեղ։

Չնայած արտաքինից Ադրբեջանն այդ կենտրոնում որևէ իրավասություն չունի, միայն տրամադրել է կենտրոնի տարածքն ու դրա ընդհանուր պահպանությունն է իրականացնում, սակայն Թուրքիայի հետ ռազմական խորը համագործակցության պարագայում ակնհայտ է, որ լիարժեքորեն օգտվում է մշտադիտարկումից ստացվող ողջ տեղեկատվությունից։

Իսկ դա տեղեկատվություն է Արցախի ներսում ցանկացած տեղաշարժերի, այդ թվում՝ զինված ուժերի, ինչպես նաև՝ ուղիղ վերահսկողություն Արցախում գաղտնիության բնույթ կրող ցանկացած օբյեկտի կամ Թուրքիային ու Ադրբեջանին հետաքրքրող անձանց նկատմամբ։

Հրադադարի ռեժիմի պահպանման արդյունավետության տեսանկյունից, ամենակարևոր քայլը՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապառազմականացված գոտու ստեղծումը կարող է լինել, սակայն գործընթացները շարժվել են «աջ ձեռքով ձախ ականջը բռնելու» տրամաբանության մեջ։

Իրականում Թուրքիան ու Ադրբեջանը ձգտել և հասել են հրադադարի ռեժիմի վերահսկման այս մոդելին, որովհետև իրականում նրանց նպատակը ոչ թե հնարավոր խախտումները կանխելն է, այլ Արցախի նկատմամբ տոտալ վերահսկողության իրականացումը։

Հայաստանը՝ Ռուսաստանի աջակցությամբ, պետք է հասնի այս կենտրոնի աշխատանքների թափանցիկության ապահովմանը, որպեսզի Թուրքիան չգործի ձեռք բերված պայմանավորվածություններից դուրս և չմեծացնի առանց այդ էլ, հայկական կողմի համար մեծ ռիսկեր պարունակող այս կենտրոնի վտանգավորությունը։