Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի` կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է: Հիմք ընդունելով առկա մարտահրավերները և կրթության համակարգում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները` նախագծում սահմանվել են ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, ռազմավարության սկզբունքներն ու ծրագրային ուղղությունները:
Ծրագրի նպատակները
Ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց:
Ծրագրի տեսլականի հիմքում Հայաստանի վերափոխման ռազմավարությունն է, և հատկապես առաջին մեգանպատակն է գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենալ քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների կատարումը, ով առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն:
Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն է տալիս ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովում է շրջանավարտների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:
Վերջնական նպատակի իրականացման համար մինչև 2030 թվականը սահմանվել են հետևյալ ռազմավարական ուղղությունները.
համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, որը յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները ՀՀ ողջ տարածքում,
կրթության արդյունավետության բարձրացում, ինչը կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) առավելագույն օպտիմալ և արդյունահենք տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում,
կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում և համակարգերում հայկական կրթական համակարգի ամբողջական և բովանդակային ինտեգրման, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանման վրա՝ շահեկանորեն փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։
Ծրագրի իրականացումը կապահովի 2030 թ. հետևյալ արդյունքային շրջանակը
բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի օգտվել այդ ծառայություններից, դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, բոլոր խոշորացված համայնքներում կգործեն մսուրի ծառայություններ,
բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցած, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր, համալրված կլինեն որակավորված և սահմանված ստանդարտներին համապատասխան ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն,
ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից,
մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող մասնագիտություն,
ուսումնառության արդյունքներ-ուսումնառության տևողության հարաբերակցությունը 8,3-12 տարի հարաբերակցությունից կհասցվի 11,5-12 տարի հարաբերակցության,
բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից (475 միավոր) բարձր ցուցանիշներ, համապատասխանաբար՝ 575-ի, 550-ի չափով,
նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները կունենան եվրոպական չափանիշներին համապատասխան որակի հավաստագրեր,
առնվազն չորս բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ,
կպատրաստվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրեր. ուսումնարանը, քոլեջն ու բուհն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնի շրջանավարտների 90%-ը,
ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները կունենան պատշաճ կահավորված, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և մատչելի հանրակացարանային հնարավորություններ,
յուրաքանչյուրի համար բազմազան հնարավորություններ կստեղծվեն (ֆորմալ և ոչ ֆորմալ) նոր գիտելիքներ ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու, նոր որակավորում ստանալու համար,
աշխարհասփյուռ հայությունը կունենա ընդլայնված հնարավորություններ հայեցի կրթության, այդ թվում՝ հեռավար ուսուցման միջոցներով, սփյուռքում գործող հայկական կրթօջախները լիարժեք ինտեգրված կլինեն Հայաստանի կրթական համակարգին,
Հայաստանի բարձրագույն կրթությունը ձեռք կբերի այնչափ միջազգային հեղինակություն, որ օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկվի:
Ծրագրի իրականացումը
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում կրթության կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ ՀՀ կառավարությունը կհաստատի նպատակային ծրագրեր, այդ թվում՝ ազգային ծրագրեր, որոնք ծրագրային ձևաչափով կներառվեն պետական բյուջեում:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 1-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: