Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարարը երեկ՝ կառավարության հերթական նիստից հետո, անդրադարձել է երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշելով, որ իրական պատկերն ամենևին այն չէ, ինչ ներկայացնում են լրատվամիջոցները:
«Կարծում եմ, որ ԶԼՄ-ները պետք է նույնպես ջանքեր գործադրեն, որպեսզի թե՛ ատելության խոսքը քչացնեն, թե՛ նաև իրականության հետ ավելի մեծ կապ ունեցող տեղեկատվություն տան»,- հավելեց նախարարը, ապա վստահեցնելով, որ հաճախ է շփվում քաղաքացիների հետ, նկատելով,- Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, ամեն օր բավական երկար տարածություններ ոտքով քայլում եմ։ Քաղաքացիները հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են շատ հաճախ հայտնում և այլն»։
Ու թեև, ըստ նախարարի, սոցիալ-տնտեսական տխուր պատկերի մեղավորը ԶԼՄ-ներն են, քանի որ սխալ են ներկայացնում, այդուհանդերձ, քաղաքացիները իրենց սառնարանը բացելիս, խանութ գնալիս առնչվում են իրականության հետ՝ առանց լրատվամիջոցների: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում՝ գնաճը պահպանվում է, իսկ տնտեսության վերականգնումը դեռևս հորիզոնում չի երևում։
Այս իրողությունների համատեքստում, սակայն, խորհրդարանում իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկին։
«Փաստ է, որ ոչ միայն նվազագույն աշխատավարձի, այլ նաև՝ հիմնական կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերի ավելացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա: Այն մեր երկրում հիմնականում պայմանավորված է գնաճով և նաև այն փաստով, որ 2020 թվականին աղքատության միջին մակարդակը բարձրացել է, իսկ այն բոլոր գործոնները, որոնք բերել են աղքատության մակարդակի բարձրացման, առկա են նաև 2021 թվականին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց խմբակցությունը ներկայացնող տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նա չափազանց մտահոգիչ է համարում գնաճային պահպանվող միտումները՝ նկատելով, որ, օրինակ, եթե 2021 թվականին սննդամթերքի միջին գների աճը կազմում էր 11. 5 տոկոս, ապա 2022 թվականի հունվարին աճել է ևս 1 տոկոսային կետով:
«Այս առաջանցիկ գնաճը, բնականաբար, բերում է մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման, և այս ֆոնին, նաև տարածաշրջանի երկրների օրինակով, մեր խմբակցությունն առաջարկել էր նվազագույն աշխատավարձի բարձրացում:
Այստեղ առաջնային կարևոր չէ, թե ինչ չափով բարձրացում. մենք հիմնականում առաջ էինք տանում նվազագույն աշխատավարձի բարձրացման վերանայման հարցը: Ի դեպ, դա ոչ միայն այս օրենքի նախագծով. ես նաև 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էի գրավոր առաջարկով այդ հարցը բարձրացրել:
Ինչու է այս պոպուլիստ իշխանությունը մերժում նախագիծը. հիմնական փաստարկներն ավելի շատ տեխնիկական բնույթի էին, որ՝ գիտեք, օրենքի նախագիծն ամբողջական չէ, մյուս դիտարկումը վերաբերում էր բարձրացման չափին: Այդ առնչությամբ մենք կոմպրոմիսային առաջարկներ արեցինք, սակայն չհամաձայնեցին, որովհետև ԱԺ մեծամասնությունը, ըստ էության, կառավարության կցորդն է, իսկ կառավարությունն այս պահին դեռ չունի որոշում: Ու թեև պառլամենտական երկրում թելադրողը պետք է պառլամենտը լինի, իրականում մեծամասնության պահվածքը հակառակն է վկայում»,- ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են փոփոխություններով լրամշակել նախագիծը և կրկին դնել շրջանառության մեջ:
Տնտեսագետն Էկոնոմիկայի նախարարի հերթական հայտարարությունները չցանկացավ մեկնաբանել՝ հակիրճ արձագանքելով. «Իր ասածներին այլևս անիմաստ է անդրադառնալը»:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին խորհրդարանում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից դարձնել 100.000 դրամ: Քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց նախագծի ընդունմանը՝ ներկայացնելով իրենց վերապահումները բարձրացման չափի, ձևակերպումների, ռիսկերի մասին: