կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 15:24
Քաղաքական

Այսքանից հետո ինչպե՞ս կվերաբերվեիք Բելառուսին. «Լուկաշենկոյի» բաց նամակը՝ Զ. Բալայանին

Այսքանից հետո ինչպե՞ս կվերաբերվեիք Բելառուսին. «Լուկաշենկոյի» բաց նամակը՝ Զ.  Բալայանին

Ողջու՛յն, Զորի Հայկի

Վերջին օրերին տեղի ունեցածն ինձ ստիպեց Ձեր միջոցով մի քանի հռետորական հարցեր ուղղել հայ ժողովրդին:   

Եվ այսպես. 

- Ինչպե՞ս կվերաբերվեիք Բելառուսին, եթե Ալ. Լուկաշենկոյի պատանեկության երազանքը լիներ սահմանակից Լեհաստանի, Լատվիայի ու Լիտվայի հետ «լավ ապրելու» մոլուցքը, և, տարված «մեծ խաղաղության դարաշրջան» բացելու ցնորամիտ հովերով, նրա սրտի օլիգարխները ժողովրդից թաքուն բանակցեին Լեհաստանի ու Լիտվայի հետ, հետո պատերազմի բեմականացում հրահրվեր, և Բելառուսի տարածքներից Բրեստի ու Գրոդնոյի մարզերը հանձնվեին Լեհաստանին, իսկ Վիտեբսկը՝ Լիտվային: 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նա վերոնշյալ օպերացիայից հետո օր ու գիշեր համոզեր սեփական ժողովրդին, որ հանձնված մարզերը  լեհ-լիտվական հայտնի պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի տարածքներն են, և ամենևին պետք չէ դրանց պատճառով փակ պահել ԵՄ-ի հետ սահմանները կամ, առնվազն, խնդիրներ ստեղծել: 

- Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, որն իր համար ելակետ ընդուներ Ռեչ Պոսպոլիտայի սահմանները և սեփական երկրի ռազմավարական կարևորագույն ճանապարհները հանձներ Լեհաստանին ու Լիտվային, սեփական ժողովուրդը սեփական երկրում տեղաշարժվելիս ամեն օր ստորացվեր թշնամու ավտոմատների տակ, իսկ փոխարենը՝ հայտարարեր, թե «ամուր նյարդեր են պետք, որ էս ամենը ցրենք ու լավ ապրենք»: 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նա իր երկրում էներգապաշարների, գազի, մետաղի, հանքաքարերի բացակայության պայմաններում չզարգացներ Բելառուսի հասարակության ստեղծագործ մտքի վրա (գիտելիքահեն) հզոր տնտեսություն, այլ, հայտարարելով նման պայմաններում զարգանալու անհնարինության մասին, կատաղի կերպով հանձներ սեփական երկրի տարածքները՝ Լեհաստանի ու Լիտվայի հաշվին «կուշտ ապրելու» սին բարբաջանքներով: 

- Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, եթե նրա երկիրը, ԽՍՀՄ-ի փլուզման հարուցած տնտեսական ճգնաժամի հետևանքները ԱՊՀ երկրներից առաջինը հաղթահարելով, խոշոր բեռնատար ավտոմեքենաների, տրակտորների, քիմիական սովորական թելերի և նրբաթելերի, կալիումական պարարտանյութերի, տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի խոշոր արտահանող չլիներ, այլ լիներ արևմտյան կազմաքանդիչ գրանտ «ներմուծող»: 

- Ի՞նչ կասեիք Բելառուսին, եթե այդ երկիրը տուրք տար «բնապահպանների» խարդավանքներին և փակեր «Բելոռուս» տրակտորի, ԲելԱԶ և ՄԱԶ բեռնատարների հռչակավոր գործարանները (հիշենք՝ Բելառուսն ապահովում է այսօր խոշոր բեռնատար ավտոմեքենաների համաշխարհային արտադրության 30 տոկոսը, տրակտորների՝ 6 տոկոսը, միկրոպրոցեսորների համաշխարհային արտադրության զգալի բաժինը: «Բելառուս» տրակտորը ներկայումս հայտնի մակնիշ է ոչ միայն մեզ, այլ նաև ամերիկացի ագարակատերերի համար: Իսկ ԲելԱԶ և ՄԱԶ բեռնատարների մասին գիտեն աշխարհի բոլոր մայրցամաքներում: «ԲելԱԶ» գործարանը վերահսկում է համաշխարհային շուկայի 1/3-ը, նա ծանր ինքնաթափեր ու քարշակներ է մատակարարում աշխարհի 50 երկրի: Մինսկի գործարանի «Բելառուս» տրակտորները խոշոր պահանջարկ են վայելում աշխարհի 70 երկրում…): 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նրա երկրում ոչ թե 5 երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքը բնակարան ստանար անվճար, իսկ 4-ի դեպքում՝ ընտանիքը վճարեր բնակարանի արժեքի ընդամենը 15 տոկոսը, այլ դրա փոխարեն երկրում վխտային Լեհաստանին ու Լիտվային հանձնված (հանուն «լավ ապրելու») տարածքներից մազապուրծ սովալլուկ մանուկները, իսկ Լուկաշենկոն բազմազավակությունը խրախուսելու փոխարեն իր անձնական պաշտպանության տակ առներ տրանսգենդերներին, գրանտալափ հակազգայիններին պաշտոնների նշանակեր ու սկսեր եկեղեցու, ընտանեկան արժեքների դեմ կեղտոտ քարոզ անել, դպրոց ներմուծեր  մանկապղծության թեման, մանկապիղծներին երեխաներ կրթելու հնարավորություններ տար, իսկ դրա կողքին ամեն օր Մեքսիկայի անտառներով ԱՄՆ ճողոպրեին բելառուսները, և երկրի թիվ մեկը գոռգոռար՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա…»: 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նրա երկիրը ոչ թե պարենամթերքի իր ավելցուկներից տարեկան 3 մլրդ դոլարի չափով վաճառեր միայն ՌԴ-ին, այլ երկրի օլիգարխները զօր ու գիշեր քարոզեին թշնամի պետություններից էժան ապրանք ներմուծելու վարդագույն մտքեր:

 - Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, եթե Բելառուսում փոխանակ 1,5 անգամ ավելի շատ հացաբույսերի բերք ստանային, քան ՌԴ-ն իր արգավանդ հողերից, փոխանակ բնակչության 1 շնչի հաշվով կրկնակի ավելի միս, եռակի ավելի կաթ արտադրեին, քան Ռուսաստանը, փոխանակ ԱՊՀ երկրների մեջ առաջին տեղը գրավեին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մսի և կաթի արտադրությամբ, այլ… սեփական արգավանդ հողերը բեռ համարեին, հանձնեին թշնամուն, իսկ Գրիգորևիչի սրտի օլիգարխը զօր ու գիշեր տվայտվեր այդ տարածքները վերցրած թշնամուց էժան ապրանքներ ներկրելու ուղղությամբ: 

- Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, եթե իր գործողությունների պատճառով Բրեստի հռչակավոր ամրոցի վրա ծածանվեր լեհական դրոշը, իսկ ինքը զօր ու գիշեր հայտարարեր, որ Բրեստը մի դժբախտ ու դժգույն քաղաք էր, այն մեզ պե՞տք էր: 

- Ի՞նչ կանվանեիք էն բելառուսցիներին, որոնք, վճարվելով Լուկաշենկոյի օլիգարխներից, կասեին՝ «ախպե՛ր, լեհերը մեզ մորթել են, ջհանդամ, թե չեն մորթել, չե՛նք կռվելու էլ», «լիտվացիները մեզանից ճանապարհներ են խլել, ջհանդամ, թե չեն խլել, ուրիշ տեղից կգցենք ճամփա», «մեզ ցեղասպանել են, ջհանդամ, թե չեն ցեղասպանել, հիմա մենք հաշտ ու լավ ենք ապրելու իրենց հետ» և նման այլ հորթային բառաչներ: 

- Ի՞նչ կասեիք / կանվանեիք այն բելառուսներին, որոնք կանտեսեին վերոնշյալ ստորացումները, ազգային աղետն ու նվաստացումները, կհավատային Լուկաշենկոյին և «Ապագա կա՛»-ի զոմբիացնող թմբուկների տակ վերստին քվե կտային նրան: 

- Եվ, վերջապես՝ էսքանից հետո ո՞ւր էր փախչելու կամ ո՞ւմ էր պետք լինելու Բելառուսը… 

Զորի Հայկի, հուսով եմ՝ իմ այս տողերը Ձեզ և փառապանծ հայ ժողովրդին խոր մտորելու առիթ կտան:

 Ջերմ բարեմաղթանքներս և քաջ առողջություն Ձեզ:

 

 

 

09.02.2022 թ.

ք. Մինսկ 

Բելառուսերենից թարգմանեց՝ Վահե Սարգսյանը

Հ.Գ. Իրական Ալ. Լուկաշենկոն կարող էր և ավելին ասել

 

 

Տե՛ս նաև՝ «Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին

Տե՛ս նաև՝  «Պուտինի» պատասխանը Զորի Բալայանին