Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակի, հնարավոր զարգացումների, Հայաստանի` Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս կազմելու, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման տակ դրված «ականների» եւ Արցախի ապագայի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հրայր Կարապետյանի հետ, ով նախ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին, փաստելով․
-Եթե մենք ուզում ենք իսկապես ռազմավարական հարաբերություններ ունենալ ՌԴ-ի հետ, ապա նախեւառաջ ՌԴ-ի համար կանխատեսելի պետք է լինեն ՀՀ-ի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները։ Այսօրվա իշխանություններին հենց սրա համար ենք քննադատում, որ չկա սկզբունքային քաղաքականություն այս հարցում։ Այսինքն այս իշխանությունները մի օր կարող են ամբողջական պրոռուսական մոտեցումներով հանդես գալ, հաջորդ օրը 180 աստիճանով փոփոխված հակառուսական մոտեցումներ լինեն։ Իսկ ՌԴ-ի հետ ամուր հարաբերությունների արդյունքները կլինեն էֆեկտիվ միայն այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները վարեն սկզբունքային քաղաքականություն։ Այլ ոչ թե մեր դաշնակցի մոտ տպավորություն ստեղծեն, որ անգամ այդ հարցում է ՀՀ-ն պատեհապաշտ քաղաքականություն է վարում։
-Պարոն Կարապետյան, ինչպես գիտեք, Հայաստանում երկարատեւ ներքաղաքական ճգնաժամի ընթացքում ստեղծվեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որը հանդես է գալիս Հայաստանի` Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմի մեջ մտնելու օգտին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին:
- Նախ ասեմ, որ դրական եմ վերաբերվում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են նոր մակարդակի հասցնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ուղղություններով։ Այդ համագործակցությանը նոր որակ հաղորդելը մեզ համար օրվա հրամայական է։
Իսկ, ընդհանուր առմամբ, կասեմ հետեւյալը․ հայությունը միշտ, ավանդաբար եղել է ռուսական կողմնորոշման, եւ դա ոչ թե այն պատճառով, որ մենք շատ ենք սիրում ռուսներին կամ հակառակը։ Այլ որովհետեւ մեր ռազմավարական շահերը համընկնում են եւ դրա համար է, որ մենք համարում ենք, որ ՌԴ-ն ՀՀ-ի միակ ռազմավարական դաշնակիցն է։ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ մենք ականատես եղանք, որ բացառապես ՌԴ-ի անմիջական ջանքերի շնորհիվ կանխվեց ողբերգական պատերազմը եւ այն տարածքները Արցախում, որ մենք պահպանեցինք կրկին ի շնորհիվ ՌԴ խաղաղապահների է։ Եվ, այո, ես կողմնակից եմ, որ մենք ՌԴ-ի հետ պետք է էլ ավելի ամրապնդենք մեր կապերը, մենք ԵՏՄ անդամ ենք, իսկ դա նշանակում է, որ ռուսական դաշտում ունենք համագործակցության փայլուն հեռանկարներ թե՛ տնտեսական, թե՛ ամենաբազմաշերտ ոլորտներում։
-Պարոն Կարապետյան, հանրության մեջ ձեւավորված կարծրատիպ կա, որ Հայաստանի` Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմը մտնելով մենք կկորցնենք մեր ինքնիշխանությունը։
-ՌԴ-ին ավելի շատ ձեռնտու է, որ ՀՀ-ն, որպես սուվերեն երկիր լինի իր դաշնակիցը այս կամ այն պայմանագրի ձեւով։ Մենք գիտենք, որ ՌԴ-ն այսօր շատ բարդ իրավիճակում է Ուկրաինայի հետ կապված։ Ի դեպ, ես կարծում եմ, որ այստեղ գնալով հստակեցվում է պատկերը այն իմաստով, որ Թուրքիան ուղղակիորեն հանդես է գալիս, որպես Ուկրաինայի ռազմական դաշնակից՝
մատակարարելով Ուկրաինային բայրաքթարներ և կազմակերպելով նրանց հետ համատեղ արտադրություն։ Դրան գումարած Թուրքիան պարբերաբար պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն հստակորեն ուրվագծվում են այն ճամբարները, որոնցից պետք է ՌԴ-ն հետեւություններ անի։
-Պարոն Կարապետյան, խոսենք նաեւ Հայաստան-Թուրքիա ջերմ հարաբերությունների մասին, ի՞նչ ականներ են այստեղ թաքնված։
-Դրանք «ականններ են», որոնք կարող են հարցականի տակ դնել ՀՀ-ի գոյությունը։ Գիտեք, ոչ մի երկիր դեմ չէ հարեւանի հետ նորմալ հարաբերություններին եւ խաղաղ գոյակցությանը, սակայն, երբ հայտարարվում է մի բան, բայց իրականացվում մեկ այլ բան դա արդեն խաբեություն է եւ սեփական ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու նպատակ։ Ասում են առանց նախապայմանների, բայց առանց նախապայմանների հասկացություն այսօր գոյություն չունի։ Նախապայմանները դրված են․ Ցեղասպանության ճանաչման հարցում արդեն Թուրքիան ՀՀ-ից զիջումներ է պահանջում, ինչը տեղի է ունենում օրվա իշխանությունների կողմից։ Թուրքիան Ադրբեջանի շահերը եւ դիրքորոշումները բոլոր առումներով պաշտպանում է, սա նույնպես նախապայման եմ համարում։ Էլ չեմ ասում, թե ինչպես շատ կարճ ժամանակահատվածում Թուրքիան բառիս բուն իմաստով կգրավի ՀՀ տնտեսությունը, ինչը հղի է ողբերգական հետեւանքներով։
-Պարոն Կարապետյան, ի՞նչպես եք տեսնում Արցախի ապագան ստեղծված իրավիճակում։
-Միանշանակ Արցախը երբեք չպետք լինի Ադրբեջանի կազմում, Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է գերակայի։ Այստեղ շատ կարեւոր է մեր ռազմավարական գործընկերոջ հետ ազնիվ աշխատելը, որովհետեւ չի բացառվում, որ Ադրբեջանը վաղը դեմ լինի ռուս խաղաղապահների ներկայությանը Արցախում։ Այս դեպքում մենք պետք է այսօրվանից մտածենք մեր դիվանագիտական հետագա քայլերի մասին։ Կարեւորում եմ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատելուն ուղղված գործուն և վճռական քայլերը։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Աղբյուրը՝ iravunk.com