Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանը փետրվարի 6-ին կլինի ազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Կարապետյանը ։
«Դատարանը մերժեց Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին և հայրենիքի համար կռիվ տված զինծառայողը ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Արղամանյանը։ Հարգանքներս Արենի համար բոլոր մտահոգ անձանց»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող, սակայն դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։
Նշենք, որ Արեն Արամյանը մասնակցել է ինչպես Քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020-ի հուլիսյան մարտերին և 44-օրյա պատերազմին։ Պաշտպանը հայտնեց` Արամյանի հրամանատարությունը 44-օրյա մարտերից հետո նրան ներկայացրել է պետական պարգևի։