կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-28 12:34
Արցախ

Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները Սպիտակի Խաչ եկեղեցու գմբեթից հանել են խաչը

Վանդալիզմ Հադրութում. ադրբեջանցիները Սպիտակի Խաչ եկեղեցու գմբեթից հանել են խաչը

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը. հայտնում է karabakhrecords.info կայքը:

Արցախի օկուպացված տարածքներում 2020 թվականի վերջից Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացրել է Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին։

Սոցցանցերի ադրբեջանական հատվածում տարածված տեսանյութի կադրերից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները խաչը հանել են եկեղեցու գմբեթից։ Բացի դրանից՝ տաճարը վերակառուցելու պատրվակով քանդել են նաև եկեղեցու տանիքը։ Այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է իսպառ ջնջել հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանում՝ հայկական եկեղեցին ներկայացնելով որպես «ուդիական»։

Նշենք, որ դեռևս 2021 թվականի նոյեմբերի սկզբին Ադրբեջանը կազմակերպել էր երկրի ուդի համայնքի հոգևորականների ներկայացուցիչների այցը նշված եկեղեցի։ Այցելության ժամանակ այն ներկայացվել էր որպես «ալբանա-ուդիական մշակույթի հուշարձան», որը ոչ մի կապ չունի իրականության հետ։

Հիշեցնենք, որ նշված եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ չկան հստակ տեղեկություններ. հայտնի է, որ եկեղեցու մասին ամենահին արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով (1333 թ.)։