կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-18 18:58
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է Հայորդյաց տների ղեկավար աշխատակիցներին

Կաթողիկոսն ընդունել է Հայորդյաց տների ղեկավար աշխատակիցներին

Հունվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։

Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը Հայորդյաց տների տնօրինության անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով քաջառողջություն և երկարամյա անսասան հովվապետություն՝ ի փառս Հայ Եկեղեցու և Հայրենիքի։

Հայորդյաց տների տնօրինության անունից Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ իր շնորհավորանքները հղեց նաև Հայորդյաց տների տեսչի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով Հայորդյաց տների տնօրինությանը, մեծապես կարևորեց Հայորդյաց տների առաքելությունը հայ ժողովրդի և Եկեղեցու կյանքում։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հայորդյաց տների տնօրինությանը, մանկավարժներին և վարչության անդամներին նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի համար՝ հորդորելով վերջիններիս շարունակել իրենց արդյունավոր առաքելությունը մատաղ սերնդին ճիշտ խնամք ու դաստիարակություն ապահովելու գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայորդյաց տների առջև ծառացած խնդիրների հաղթահարման և վերջիններիս գործունեությունն առավել արդյունավոր դարձնելու ուղիներին։