կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 18:51
Հասարակություն

ՔՊ-ն նաև Ամասիայում է պահանջում նոր ընտրություններ

ՔՊ-ն նաև Ամասիայում է պահանջում նոր ընտրություններ

Ամասիայի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայները հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները, որոնք ինքնաբացարկ էին հայտնել՝ հրաժարվելով հասանելիք մանդատներից, պահանջում են նոր ընտրություններ։

Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամասիայի ընտրությունների արդյունքները ու նոր ընտրություններ նշանակել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը։

Ամասիայում ընտրապայքարի էր դուրս եկել երեք քաղաքական ուժ, որոնցից երկուսը՝ ՔՊ-ն և «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը չնչին տարբերությամբ ձայներ էին հավաքել ՝ վեցական մանդատ ունենալով։ ՔՊ-կանները, որոնք 16 ձայնով առաջատար էին, գտնում էին, որ համայնքապետի պաշտոնը պիտի ՔՊ-ն ստանձնի, այլ ոչ թե «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի թեկնածուն։ Նրանք ինքնաբացարկ էին ներկայացրել՝ հրաժարվելով մանդատներից ու նոր ընտրություններ պահանջելով։

Նույնիսկ բողոքի ցույց էին արել մարզպետարանի շենքի դիմաց՝ պնդելով, որ 9 մանդատով չի կարող ձևավորվել իշխանություն Ամասիայում․ 6 մանդատ ստացել էր «Արփի Ամասիա» դաշինքը, 3 մանդատ ՀՀԿ-ն։ Ցուցարարների մեկնաբանմամբ, ըստ օրենքի, նոր ընտրություններ պիտի անցկացվեն, Ամասիայում դեպքում առնվազն 10 մանդատ պիտի լինի։

Ամասիա խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում 9 կողմ, 0 դեմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը: Նրա երդմնակալության արարողությունն արդեն տեղի է ունեցել։