Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականին լրացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության 10 տարին։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները 2021 թվականի ընթացքում չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով աշխատանքները շարունակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։
2014-2019թթ. ընթացքում այս տարածքը մաքրվել և հանձնվել էր տեղական ինքնակառավարման մարմիններին: Սակայն 2020 թ. պատերազմի ընթացքում Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքի զգալի մասն աղտոտվել էր պայթուցիկ զինամթերքով, այդ թվում՝ կասետային ենթազինամթերքով: Այդ պատճառով էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի մասնագետները ոչ տեխնիկական հետազոտություն են իրականացրել Դավիթ Բեկում: Աշխատանքների արդյունքում առանձնացվել են հաստատված և կասկածելի տարածքներ, տեղադրվել են ականային վտանգի մասին նախազգուշացնող 50 վահանակներ։
2021 թվականին կատարած աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ԲՄ-21-ի 8 հատ հրթիռ, կասետային ենթազինամթերքներ, գնդացրի 12,5 մմ 1 փամփուշտ, 100 մմ 2 արկ, 100 մմ արկի պարկուճ, 1 հատ 100 մմ հրետանային արկի պարկուճ, F-1 տեսակի 1 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, 1 չկառավարվող ռեակտիվ արկի (C-8) պոչամաս։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:
2021 թվականին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում շարունակվել են մաքրման աշխատանքները և հոկտեմբերի 30-ին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես տեղական ինքնակառավարման մարմիններին է հանձնել 45 000 քմ պայթուցիկ զինամթերքից մաքրված տարածք։
#հումանիտարառաքելությունՀալեպում
Հայաստանում իրականցվող աշխատանքներին զուգահեռ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից հումանիտար առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև այսօր ականազերծվել է 880 000 քմ ականապատված տարածք։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 594 չպայթած զինամթերք։ Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժշկական խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 42 000 հիվանդի:
#հումանիտարառաքելությունԴամասկոսում
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իր կատարած աշխատանքով շարունակում է բարձրացնել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը։
Այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 25-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Սիրիայում ՄԱԿ-ի Հակաականային գործողությունների ծառայությունը (UNMAS-ի) ստորագրել են պայմանագիր։ Այս առաքելության շրջանակներում նոյեմբերի 21-ից Դամասկոս է մեկնել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը: Մեր անձնակազմն արդեն անցել է հավատարմագրումը և սկսել է Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն. քմ. հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները: «ՀԱՓԿ»-ի երկու ականազերծման խմբերն այստեղ արդեն հասցրել են մաքրել մոտ 70.000 ք.մ. տարածք։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառույթներից է նաև ականներից տուժած անձանց տվյալնների բազայի թարմացումը։ Այս տարի էլ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները այցելել են ականից տուժածներին։ Այսօր Հայաստանում ունենք ականների պայթյունից տուժած 745 քաղաքացի:
2021 թվականին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում, որը համալրված է անհրաժեշտ ուսումնական միջոցներով, պարբերաբար կազմակերպվել են հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասեր:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն համագործակցում է միջազգային կառույցների հետ, որի արդյունքում այս տարի մեր մասնագետներն անցել են վերապատրաստման դասընթացներ։
«ՀԱՓԿ»-ը կարևորում է նաև մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետներն այս տարի էլ շարունակել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները։ Նրանք եղել են 4 ականային վտանգի ենթակա մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Գեղարքունիքում, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ են կատարել Էջմիածնի, Երևանի դպրոցներում և Լոռու մարզի Գուգարք ճամբարում։ Այս տարի մեր իրազեկման խումբն անվտանգ վարքագծի կանոններ է սովորեցրել մոտ 5000 դպրոցականների և քաղաքացիների։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն այս տարի արդեն ձեռք է բերել Ֆրանսիայի Հանրապետության և Հյուսիսիսային Իրաքի խոշոր կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն։ Միաժամանակ, ձեռք է բերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տեխնիկակական օգնություն ստանալու պայմանավորվածություն։
Այս բոլոր աշխատանքները շարունակական են: Մեր աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և 2022-ին էլ կշարունակեն կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման և անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքներ: