կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-25 17:15
Հասարակություն

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու վերաբերյալ քրեական գործերով կա 84 մեղադրյալ, 8 դատապարտյալ. ամփոփում

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու վերաբերյալ քրեական գործերով կա 84 մեղադրյալ, 8 դատապարտյալ. ամփոփում

2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ հենց ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով:

Քրեական գործերի նյութերով փաստվում է, որ պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար նախատեսված զենք-ռազմամթերքը ձեռք է բերվել հիմնականում Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից: Դրանք պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում՝ առանձին դեպքերում հանցավոր այդ գործողությունները կատարվել են խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ:

Պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված զննություններով, իսկ զգալի դեպքերում՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, հրազեններ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, հակատանկային նռնականետեր, փամփուշտներ, պայթուցիչներ, նռնակներ, բազմաթիվ այլ առարկաներ:

 
 

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների, այդ թվում՝ նաև բացատրական աշխատանքների արդյունքում զգալի դեպքերում քաղաքացիներն ինքնակամ հանձնել են իրենց հետ ռազմական գործողությունների գոտուց բերած զենք զինամթերքը:

Առանձին գործեր միացվել են, նախաքննության փուլում է 82 քրեական գործ, որոնցով շարունակվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, ՀՀ տեղափոխման հանգամանքները պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, ինչպես նաև՝ հնարավոր ապօրինի ձեռք բերված այլ զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով:

Պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, ՀՀ փոխադրման դեպքերի առթիվ քննված և քննվող քրեական գործերով ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 84 անձի, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված բնույթի 25 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ, որոնցից 6-ով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը:

Դատարանում շարունկվում է 19 անձի վերաբերյալ 18 քրեական գործի քննությունը: