Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընդդիմադիր ուժերը հասկանում են, որ գործ ունեն մի գործչի հետ, ով իր իշխանությունը պահելու համար կարող է դիմել տարատեսակ տեխնոլոգիաների՝ և՛ սպիտակ տեխնոլոգիաների, և՛ սև փիառի, ինչը նա նախկինում արել է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր ուժերի հետ փակ հանդիպում անցկացնելու՝ Փաշինյանի հրավերն ու ընդդիմադիրների մերժումը։
«Ինչո՞ւ է այդպես անում գործող վարչապետը՝ հասկանալի է․ իրեն պետք է ամբողջովին ենթարկելի կառավարման համակարգ, իսկ ընդդիմադիր ուժերը, ինչքան էլ որ ընդդիմադիր են, համակարգի մաս են կազմում, և հասկանալի է, որ իշխող քաղաքական ուժի ղեկավարը պետք է փորձի նրանց էլ անուղղակի փիառ տեխնոլոգիայի միջոցով ենթարկեցնել իրեն։ «Ենթարկեցնելը» չի նշանակում, որ նա պետք է հրամայի, նրանք էլ պետք է ենթարկվեն, ուղղակի երբ դու հանդիպում ես գործիչների հետ, որոնք քո հրաժարականն են պահանջում, շատ խիստ քեզ ընդդիմանում են, դրանից հետո դու ավելի լայն լսարան ունենալով, իսկ հասկանալի է, որ Հ1-ը նրա անձնական հեռուստաընկերության է վերածվել, դու կարող ես ցույց տալ, որ չնայած այս, այս գործիչները քննադատում են քեզ, բայց անհրաժեշտության դեպքում գալիս, քեզ հետ քննարկում են տարբեր հարցեր, փաստորեն գլխավոր իշխանավորը իրեն դնում է կոնստրուկտիվ գործչի դերակատարության մեջ»,-բացատրեց քաղտեխնոլոգը։
Նրա համոզմամբ, Փաշինյանը ընդդիմադիրների հետ փակ հանդիպումն օգտագործելու էր իր վարկանիշը բարձրացնելու համար և փորձելու էր իր իմիջային փոփոխությունն իրականացնել՝ օգտագործելով ընդդիմադիրների վարկանիշը։
«Եթե հանդիպեին՝ դա ի օգուտ իրեն էր լինելու, որովհետև ընտրազանգվածը պետք է ասեր՝ տեսեք, չնայած քննադատում են, բայց ինքը մեծահոգաբար մի կողմ է դնում անձնական ամբիցիաները և հանդիպում է իրեն խիստ քննադատող գործիչների հետ հանուն երկրի, հանուն Ղարաբաղի անվտանգության։ Դա կլիներ բացասական ընդդիմադիր խմբակցությունների համար, որովհետև նրանց ընտրազանգվածն իր մտածելակերպով մի փոքր այլ է և դա չէր ընկալի։ Սա է ամբողջ իմաստը՝ իմիջային փոփոխության ենթարկել իրեն»,-ասաց Արմեն Բադալյանը։
Այլ թիրախ էլ կար՝ իր քայլերի պատասխանատվությունը նաև ընդդիմադիրների վրա գցելու։
«Քաղաքական գործընթացում ցանկացած հետևանք կարող ես ունենալ՝ կարող է նաև իր քայլերի պատասխանատվությունն այլ գործիչներ հետ կիսելու հարց լուծի՝ նշելով, որ մենք միասին քննարկել ենք, որ Ղարաբաղի հարցն այսպիսի լուծում կարող է ունենալ։ Հաստատ դա ինքը նկարահանելու է, իսկ մյուսներին թույլ չի տալու նկարահանել, և ցանկացած պահի կարող է գեղեցիկ մոնտաժել և անգամ մեկ բառը նախադասությունից հանելով՝ ամբողջովին փոխել նախադասության իմաստը և դա ներկայացնել լսարանին՝ ցույց տալու համար, որ նրանք նույնպես համամիտ են։ Ցանկացած նպատակով կարող է օգտագործվել այդ հանդիպումը»,-համոզված է քաղտեխնոլոգը։
Նա կարծում է՝ Հայաստանն ի վերջո համաձայնելու է Սյունիքով դեպի Նախիջևան թուրք-ադրբեջանական միջանցքին, որտեղով ադրբեջանաթուրքական բեռները կանցնեն առանց որևէ մաքս վճարելու։ Կարող է դա վերահսկել, ասենք, «Ադրբեջանի տրանսպորտային ոստիկանությունը», որը կարող է այնպես զինված լինել, որ համարժեք լինի զորքին։ Արմեն Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տա անգամ Ռուսաստանին վերհսկել միջանցքը, ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում, քանի որ Ադրբեջանը չի ցանկանա, որ Ռուաստանը տեղյակ լինի՝ ինչ բեռներ է ինքը տեղափոխում։
Այդ միջանցքը, նրա համոզմամբ, տարածաշրջանից դուրս կհրի Ռուսաստանին, բայց Ռուսաստանը ոչինչ անել չի կարողանա։
«Շատ դեպքերում Ռուսաստանն էլ չի ուզենա նահանջել, բայց ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, եթե հանկարծ Հայաստանը համաձայնի թուրք-ադրբեջանական տարածքին։ Ադրբեջանն էլ շատ հանգիստ կարող է ասել՝ հարգելի՛ Ռուսաստան, դուք ինչո՞ւ եք միջամտում, եթե Հայաստանը համաձայն է այս կարգավիճակով միջանցքին։ Իսկ Հայաստանը դրան կհամաձայնի, որովհետև Արևմուտքն է պահանջում»,-ասաց նա։
Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, եթե թուրք-ադրբեջանական վերահսկողությամբ միջանցքին Փաշինյանն ընդդիմանա, Արևմուտքը կհիշի նրա կողմից դատարանների շրջափակումը, կհիշի հունիսի 20-ին ընտրությունների խնդիրը, կհիշի ՏԻՄ ընտրություններում համայնքապետերի կալանավորումը, կոռուպցիայի և բազմաթիվ այլ հարցեր, և կսկսի նոր ղեկավար փնտրելու գործընթացը, իսկ նոր ղեկավարը, հասկանալի է որ, կարող է Փաշինյանին անվտանգության երաշխիքներ չտալ, իսկ դա շատ լուրջ խնդիրների կարող է բերել գործող ղեկավարի համար։
Իսկ այդ ընթացքում Սյունիքից Տավուշ գնացող սահմանի բոլոր ռազմավարական կարևորության բարձունքները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ սահմանային ցանկացած դիրքից ինքն ունենա առավելություն, որպեսզի եթե Հայաստանը որևէ կերպ փորձի գործոն դառնալ, հնարավորություն ունենա անմիջապես հարձակվելու։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․