կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 13:08
Հասարակություն

Նոր որոշում. 2022-ի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

Նոր որոշում. 2022-ի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

Կբարձրանան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն)

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն)

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ՝ 27 000 դրամի փոխարեն։

Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն: