կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 17:01
Քաղաքական

Իշխանությունը հերթական քաղաքական անբարոյականությունն է դրսևորում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո

Իշխանությունը հերթական քաղաքական անբարոյականությունն է դրսևորում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Քաղաքականության և բարոյականության փոխհարաբերությունները հավերժական խնդիրներից են։ Քաղաքական գործիչների վրա է դրվում պետական խնդիրների կատարումը՝ ելնելով ամբողջ հասարակության շահերից. այս առումով նրանք իրենց տրամադրության տակ ունեն հարկադրանքի հատուկ միջոցներ և կարող են չարաշահել դրանք՝ օգտագործելով իրենց օգտին և ի վնաս պետության ու ժողովրդի։ Հետևաբար, մշտապես մտահոգություն կա, որ քաղաքականությունն իր նպատակների ու միջոցների հետ ներդաշնակվի բարու և չարիքի մասին առկա պատկերացումների շրջանակներում։ Բայց այդպիսին է քաղաքականության և բարոյականության հարաբերությունների միայն մեկ կողմը։
 
Իր հերթին, բարոյականությունը կարող է քաղաքականությանը մոտենալ սպասումով, որը նա չի կարող արդարացնել ։ Քաղաքականապես որոշակի բարոյական պատկերացումների կամ հավակնությունների իրականացմանը հասնելու փորձերը նույնպես կարող են հանգեցնել քաղաքականության վտանգավոր այլասերման։ Բարոյականությունը, որպես սովորույթներում և ավանդույթներում ամրագրված նորմերի, վարքագծի կանոնների և մարդկանց միջև հարաբերությունների ամբողջություն, քաղաքականության նկատմամբ գերակայություն ունի։ Այն ավելի հին է, քան քաղաքականությունը, ավելի խոր բովանդակությամբ, ավելի մարդկային։
 
Բարոյականությունն ունի ֆունկցիոնալ առաջնահերթություն, քանի որ բարոյական ամուր նախադրյալների բացակայությունը հանգեցնում է քաղաքականության դեֆորմացիայի։ Դարերով մշակված մարդկային բարոյականության նորմերը վեր են ցանկացած քաղաքականությունից։ Քաղաքական գործիչները չեն կարող անտեսել հասարակության մեջ առկա բարոյական արժեքները։ Պատահական չէ, որ զարգացած երկրներում քաղաքականությանն ու քաղաքական գործիչներին խիստ բարոյական պահանջներ են ներկայացվում։
 
Հերթական քաղաքական անբարոյականությունն է դրսևորում իշխանությունը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո։ Շատ տեղերում չհամակերպվելով արդյունքների հետ՝ իշխանությունը նորից գնում է կեղծիքի, ուժի կիրառման, ստի ճանապարհով՝ վստահեցնելով քաղաքացիներին, թե միայն ՔՊ-ի հետ ապագա կա ․․․․
 
Հասարակությունը չի սխալվել՝ համայնքներում քաղաքական փոփոխությունների գնալով։ Հասարակությունը գիտակցում է, որ երկրում առաջացած օրհասական վիճակի թիվ մեկ մեղավորը և պատասխանատուն դուք եք։
 
Տարածքների և մարդկային  շարունակվող կորուստներ, պետականության փլուզում, ձախողված սոցիալական քաղաքականություն, արտագաղթ, անվտանգության երաշխիքի բացակայություն․․․․ Ահա ձեր խոստացած ապագան․․․․
 
Բարոյականությունը պետք է դրվի ժամանակակից քաղաքականության հիմքում. հասարակական կյանքի համար որոշիչ նշանակություն ունեցող իշխանության ինստիտուտը չի կարող անբարոյական լինել։
 
Կարմիր գիծն այլեւս վաղուց հատված է»։