կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 13:25
Հասարակություն

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. Արման Թաթոյան

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. Արման Թաթոյան

Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել իմ մի քանի ժամ տևած քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքների կոպիտ խախտումներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հատուկ անդրադարձել եմ նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:

Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:

Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:

Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:
Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները: Քննարկվել են այլ հարցեր ևս», - ասված է Թաթոյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: