կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 14:43
Քաղաքական

Գերասիմ Վարդանյանը որպես մեղադրյալ չի անցնում Արարատ Միրզոյանի սպանության փորձի առիթով հարուցված քրեական գործով. Ա. Մինասյան

Այն վնասվածքների հիմքով, որ ստացել են տղաներն ԱԺ-ում ծեծկռուքի ընթացքում, պարտավոր են քրեական գործեր հարուցել անկախ նրանից՝ կդիմենք իրավապահներին, թե ոչ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում՝ խոսելով նախօրեին Խորհրդարանում իշխանական պատգամավորների կողմից ընդդիմադիր պատգամավորների օգնականներին, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին, ծեծի ենթարկելու դեպքի մասին։

Նա նշեց, որ իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որ ծեծողների թվում է եղել, հերթական անգամ իր կեղծ հրապարակային հայտարարություններով փորձում է շեղել հանրության ուշադրությանը։ Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, թե Գերասիմ Վարդանյանը մեղավոր չէ՝ իրեն ԱԺ բերողներն են մեղավոր։

«Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործեր կան, ինչպես որ մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորների նկատմամբ, և Գերասիմ Վարդանյանը որևէ ձևով որպես մեղադրյալ չի անցնում Ազգային ժողովի նախագահի սպանության փորձ կազմակերպելու քրեական գործով․ սա հիմարության գագաթնակետն է և այս անձնավորությունը չի էլ հասկանում ինչի մասին է խոսում։ Ինքը ասում էր՝ մեղադրվում է այս գործով։ Ինչ վերաբերում է այդ կոնկրետ գործին՝ ակնհայտ է, որ սա հերթական սարքված շոուն է ընդդեմ այն ակտիվ քաղաքացիների՝ այդ թվում Գերասիմ Վարդանյանի, ովքեր իրենց հայրենիքի պաշտպանության առաջին դիրքերում են»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա վստահեցրեց, որ որևէ ձևով որևէ կապ Գերասիմ Վարդանյանի և այդ երևույթի միջև չկա և չի էլ կարող լինել։ Խոսքը կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո Հանրապետության հրապարակում ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման դեպքի մասին է։

«Նրանք փորձում են Գերասիմ Վարդանայնից իբր ստեղծել հանցավոր տարրի կերպար։ Իրականության մեջ Գերասիմ Վարդանյանը նաև «Հայաստան» դաշինքի ցանկի պատգամավորության թեկնածու է, և սա արվում է մարդկանց ուշադրությունը շեղելու համար այն միջավայրից, որ ստեղծվել էր՝ կապված թե՛ գերիների և անհետ կորածների, թե՛ արտաքին հարաբերությունների աննորմալ վիճակի հետ, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն այդ ամենից, կազմակերպեցին այս զազրելի արարքը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նրա համար ակնհայտ է, որ այս արարքների թիվ մեկ պատասխանատուն պատգամավորներն են, որ ոչ միայն խախտել են պատգամավորական էթիկայի բոլոր հնարավոր և անհնար նորմերը, այլև կոնֆլիկտը հրահրելու ակնհայտ քայլեր են իրականացրել։

Արծվիկ Մինասյանը փաստեց, որ Հրաչյա Հակոբյանը և այլ պատգամավորներ բավական չէ, որ  քրեորեն հետապնդելի արարք են թույլ տվել, այլև փորձում են դրա պատասխանատվությունը տուժողների վրա բարդել։ Մինասյանն արձանագրեց, որ իշխանական պատգամավորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծով։

«Այն, ինչ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է՝ առաջին հերթին բնութագրում է իրենց, իրենց խմբակին և իրենց վարքագիծը։ Մենք մեր խմբակցության կողմից գնահատականը հնչեցրել ենք և այս պահին սպասում ենք քաղաքական իշխանության գնահատականին, դատապարտմանը և պատասխանատվության միջոցների առաջարկին կամ կիրառմանն այն պատգամավորների նկատմամբ, ովքեր իրենց պահել են ոչ միայն առերևույթ հանցագործություն բնութագրվող տարբեր դրսևորումներով, այլ նաև ցուցաբերել են շարունակական բնույթ կրող և Ազգային ժողովի հեղինակությունը զրոյացնելու ուղղված գործողություն», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․