Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ Օմիկրոնի մասին: Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում դրա հատկությունները բացահայտելու ուղղությամբ․ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ըստ ԱՆ-ի՝ այս պահին պարզ չէ՝ Օմիկրոն տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակի՞չ է, թե՞ ոչ, թեև Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը:
«Ներկայումս իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյո՞ք այն պայմանավորված է Օմիկրոն տարբերակով, թե՞ այլ գործոններով: COVID-19-ի հարուցիչի բոլոր տարբերակները, ներառյալ՝ ամբողջ աշխարհում գերիշխող Դելտան, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան, հատկապես՝ ռիսկի խմբի անձանց շրջանում։ Օմիկրոնը կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ՝ պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:
Պայմանավորված այն հանգամանքով, որ «Օմիկրոն» տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում' ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենոմային սեկվենավորման գործընթացը:
Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել COVID-19-ի հարուցիչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և գիտական մոտեցմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:
Առողջապահության նախարարությունը հետամուտ է առողջապահական միջազգային կառույցների` COVID-19-ի և դրա նոր շտամների մասին ուսումնասիրություններին և շարունակելու է տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ` հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա:
Պետք է հաշվի առնել, որ ներկայացվող տվյալները ենթական են փոփոխման` պայմանավորված ի հայտ եկող նոր հանգամանքներով», - ասվում է ԱՆ հաղորդագրությունում։