կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-02 13:55
Քաղաքական

Ազատագրական շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողություններ․ հայտարարություն

Ազատագրական  շարժումը շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողություններ․ հայտարարություն

«Ազատագրական» շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

2021թ. նոյեմբերի 21-ին հայտարարվել է, որ մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Նույն հայտարարությամբ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին շտապ հավաք է հրավիրվել Երևանի Հանրապետության հրապարակում:
Նոյեմբերի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Երևանում տեղի են ունեցել հանրահավաքներ և երթեր:

26.11.2021թ. ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրած հայտարարության համաձայն արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ:

Հայտարարության մեջ ստորագրող կողմերը հիմնվել են երեք պետությունների 09.11.2020թ. հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են, այն է՝ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ առաջ են եկել հայկական ուժերի զբաղեցրած ուժերի դիրքեր, ընդհուպ ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք, ռազմագերիները և պատանդառված անձինք չեն վերադարձվել հայրենիք, նոյեմբերին առաջնագծում հայորդիներ են զոհվել, իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կարող է հանգեցնել Արցախի կարգավիճակի հարցի վիժեցմանը:

Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ազատագրական շարժումը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջը՝ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի ապազգային գործունեությունը: Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջը ներկայացվել է, քանի որ վերջինս ի խախտումն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտականության 2018-2021թթ. ընթացքում չի հետևել Սահմանադրության պահպանմանը և չի կատարել պետության գլխի իր՝ համապետական և համազգային շահերի պաշտպանության հիմնական գործառույթը:

Նոյեմբերի 28-ին Ազատագրական շարժման անդամներն իրականացրել են ոտքով ուխտագնացություն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանուն ազգի համախմբման՝ առանց քաղաքական կոչերի:

Նոյեմբերի 29-ին Երևանում կրկին տեղի է ունեցել հանրահավաք:
Հանրահավաքների ընթացքում, Ազատագրական շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհների բացումը Ադրբեջանի հետ առանց անվտանգության հարցի նախապես լուծման վտանգ է ներկայացնելու Հայաստանի ժողովրդի համար:

Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ՝
1. Շարունակելու է հայտարարված նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները, այդ թվում՝ շարունակելու է համախմբել հայրենակիցներին Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հրաժարականների պահանջների շուրջ.
2. Ազատագրական շարժումը վերկուսակցական շարժում է և պատրաստ է համագործակցելու բոլոր քաղաքական ուժերի, հասարակական միավորների, մասնագիտական համայնքների և անհատների հետ.
3. Շարունակելու է իրազեկման և բողոքի ակցիաները, ինչպես նաև իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը:

Ազատագրական շարժման պատասխանատուներ՝
Նաիրի Հոխիկյան- հեռուստամեկնաբան
Արա Զոհրաբյան- փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու
Վազգեն Պետրոսյան- թուրքագետ, քաղաքական մեկնաբան
Վահագն Չախալյան- իրավապաշտպան
Անդրանիկ Մարգարյան- հանրային կառավարման մասնագետ
Գագիկ Հարությունյան- դերասան
Սևակ Հակոբյան- քաղաքական-հասարակական գործիչ, լրագրող
Հայկ Սահակյան- փաստաբան
և այլք