կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 20:58
Քաղաքական

Միանշանակ՝ Կարեն Շինարարին. Ապարանում կողմնորոշվել են, թե ում են ձայն տալու

Միանշանակ՝ Կարեն Շինարարին. Ապարանում կողմնորոշվել են, թե ում են ձայն տալու

Ապարանում նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Ընտրություններին երկու ուժ է մասնակցում` «Քաղաքացիական պայմանագիրը» և «Կարեն Եղիազարյան» դաշինքը:

Yerkir.am-ը զրուցել է Ապարան համայնքի բնակիչների հետ։ Մեր հարցին`ու՞մ եք ընտրելու, բնակիչների մեծամասնությունը պատասխանել է՝ միանշանակ ընտրելու է Կարեն Եղիազարյանին, ով կարճ ժամանակում շենացրել է Ապարանը:

Նույնիսկ քաղաքացիներից մեկը գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանին անվանեց Կարեն Շինարար՝ մտովի հիշելով ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, նրա ծավալած լայնածավալ շինարարական գործունեությունն ու Հայաստանի վերելքի լավագույն տարիները։

Հարցին` ՔՊ-ին աջակցելու՞ են, թե՞ ոչ, շատերը պատասխանեցին՝ ո'չ, քանի որ ՔՊ թեկնածուին ոչ ոք չի ճանաչում, և ոչ մի բնակիչ նրան իբրև համայնքապետ չի տեսնում՝ մի քանի հիմնավոր պատճառներով:

ՔՊ-ի՝ երբեմնի ՀՀԿ-ական թեկնածուին (ՔՊ ցուցակի առաջին համարը Էդգար Փարվանյանն է, հայտի ՀՀԿ-ական) չաջակցելու և չընտրելու պատճառներից մեկը նաև Արագածոտնի նորաթուխ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն է, ով ակտիվ մասնակցում է նախընտրական փուլին, աշխատանքային ժամերին քարոզարշավ է անում՝ մարզի խնդիրներով զբաղվելու փոխարեն, նաև վարչական լծակներ է կիրառում հօգուտ ՔՊ-ի:

Երբ աչքի ենք անցկացնում ՔՊ-ի համամասնական ցուցակը, ապա միանգամից աչքի է զարնում մի կարևոր հանգամանք. այն լի է պետական աշխատողներով, դպրոցի տնօրեններով, ուսուցիչներով: Պարզ է՝ ինչու, և ինչ մեթոդների կիրառմամբ է փորձում Փաշինյանի իշխանությունը նվաճել Ապարանը։

Բնակիչների խոսքով՝ Ռազմիկ Պետրոսյանի քաղաքապետ եղած ժամանակ ոչինչ չի արվել քաղաքի և ապարանցիների համար, և ի՞նչ խղճով է նա այժմ ձայն մուրում:

Բնակիչները նաև հռետորական հարց են տալիս` ո՞ւմ պետք է ընտրի ապարանցին. քաղաքը շենացրած, զարգացրած և քաղաքով ապրող Կարեն Եղիազարյանի՞ն, թե՞ միայն ընտրությունների ժամանակ ժողովրդին հիշող և հոգատար ձևացող ՔՊ-ին, նրան ծառայող մարզպետին և նրանց հովանավորյալ թեկնածուին: