Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաջարանցիները, հաջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի, հավաքվել են համայնքապետարանի հարակից տարածքում՝ պահանջելով դատարանից՝ ազատ արձակել համայնքապետին: Նրանք նշում են, որ Փարամազյանի կալանավորման հետեւանքով կաթվածահար է եղել ամբողջ համայնքի բնականոն կյանքը:
Նշենք, որ արդեն մոտ հինգ ամիս է՝ Փարամազյանը կալանքի տակ է, իսկ նրա տեղակալը՝ Զոհրաբ Առաքելյանը, միայն վերջերս կարողացավ ստանձնել պարտականությունները, քանի որ եւս կալանքի տակ էր:
Համայնքի ղեկավար կազմի կալանավորման հետեւանքով խոշորացված համայնքի գործունեությունը կաթվածահար էր եղել՝ հոսանքազրկվել էին փողոցային լույսերը, համայնքային աշխատողները տեւական ժամանակ աշխատավարձ չէին ստանում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները գնումների հարցում խնդիրների առջեւ են կանգնել, տեւական ժամանակ ավագանու նիստեր տեղի չէին ունենում եւ այլն:
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը Սյունիքի մարզի այն համայնքապետերից է, որը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ համախմբման գործընթացին եւ, որպես հրամանատար, մեկնեց առաջնագիծ՝ Ջրական: Փարամազյանի հայրենանվեր գործը միայն մարտադաշտում չավարտվեց: Նա իր ընկերների, Սյունիքի մարզի համայնքապետերի հետ ձեռնամուխ եղավ Սյունիքի այն դիրքերի ամրաշինական աշխատանքներին, որոնք հետո այս իշխանությունները դավադրաբար հանձնեցին թշնամուն: Փարամազյանի, ինչպես նաեւ Սյունիքի այլ համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդումները սկսվեցին այն բանից հետո, երբ նրանք, քննադատելով իշխանության հակապետական դիրոքորոշումն ու թուրքահաճո քաղաքականությունը, պահանջեցին հեռու մնալ Սյունիքից:
Սյունիքում տիրող ներկայիս վիճակը, ադրբեջանական զորքի կողմից ճանապարհների շրջափակումը փաստեցին, որ համայնքապետերի՝ դեռեւս մեկ տարի առաջ բարձրաձայնած խնդիրներն այսօր արդեն իրողություն են:
Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ այս ամենն իր նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Լիանա Սարգսյան