Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը և հարակից 11 համայնքները միավորող Գավառ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Համերաշխություն կուսակցությունը հանդես են գալիս «Մեր համայնքը» դաշինքով, իսկ ավագանու ցուցակը գլխավորում է Լավրիկ Արևշատյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրա հանդեպ իշխանությունը վարչական լծակներ կիրառեց ընտրությունները դեռ չմեկնարկած․ Լավրիկ Արևշատյանը Գավառի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետն էր, և այս տարեսկզբին, ՀՅԴ այլ անդամների հետ, որոնք տարբեր մարզերում պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում, նրան ևս գործող իշխանություններն ազատեցին աշխատանքից։ Պատրվակը հիմնարկի վերակազմավորումն էր, նպատակը, ինչպես այն ժամանակ էլ ահազանգեցին, ընտրություններին ընդառաջ իշխանության համար ձայներ բերող մարդկանցով այդ պաշտոնները համալրելը։ Ամեն ինչ ճիշտ այդ սցենարով եղավ՝ Լավրիկ Արևշատյանի փոխարեն արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է պաշտոնավարում։
«Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնից ինձ ազատելը կադրային ջարդ էր, որովհետև 2,5 տարում մենակ 150 միլիոն դրամի տնտեսում եմ արել՝ պետական բյուջեի խնայողություն, իմ ազնիվ աշխատանքը այդպես գնահատվեց։ Հենց վախի մթնոլորտ են առաջացնում, որ իրենք ընտրվեն»,-ասաց Լավրիկ Արևշատյանը։
Այժմ էլ «Մեր համայնքը» դաշինքի ավագանու ցուցակում ներառված մարդկանցից մի քանիսին իշխող ուժի ներկայացուցիչները կանչել են հաշվեհարդարի, թե ինչո՞ւ են Արևշատյանի կողմից առաջադրվել։
«Մեր համայնքից» բացի Գավառ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում պայքարելու են «Քաղաքացիական պայմանագիրը» և Գավառի այժմ գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անունով կոչվող դաշինքը՝ իր իսկ գլխավորությամբ։
Լավրիկ Արևշատյանը փաստում է, որ միայն իր գլխավորած դաշինքն է անկախ, մյուս երկուսի ցուցակներում էլ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ են ներառված։
Գործող քաղաքապետը ՀՀԿ-ի օրոք էլ Գավառի համայնքապետն է եղել՝ արդեն 16 տարի։ ՔՊ-ի գալով՝ շարունակել է պաշտոնավարել, հետևությունները հստակ են։ Հիմա էլ իր անունով կոչվող «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն է․ «Գործող ուժ է, արդեն պետք է պատկերացնեք՝ ինչ լծակներ ունի»։
«Մեր համայնքը» դաշինքի համայնքապետի թեկնածու Լավրիկ Արևշատյանը քարոզարշավն իրականացնում է, ինչպես ինքն է ասում՝ ազնիվ, անթերի, առանց ցնցումների։
«Մարդկանց հետ հանդիպում եմ, խմբերի հետ խոսում, սոցիալական ցանցերում իմ ծրագիրը տարածել եմ, իմ անցած ճանապարհի մասին գրել եմ, որ 15 տարուց ավելի ղեկավար պաշտոն եմ զբաղեցրել, ազգաբնակչությունն ինձ ճանաչում է, եկել եմ իմ թիմով շենացնելու Գավառը իր համայնքներով, թիմային աշխատանք եմ կատարելու ազնիվ, շիտակ, ճանապարհ անցած մարդկանց հետ»,-ասաց Լավրիկ Արևշատյանը։
Ընտրողներին նա ցույց է տալու իր անցած ճանապարհը․ 2004 թ-ից՝ 8 տարի աշխատել է Գավառի հատուկ դպրոցի տնօրեն, հետո 2005 թ-ին ստեղծել է հատուկ կարիքավոր երեխաների «Արևշատ» հիմնադրամը, համայնքներում ստեղծել է զբաղվածության կենտրոններ, որպեսզի հաշմանդամ երեխան ինտեգրվի առողջ երեխաների հետ։
Վստահեցնում է, որ եթե գավառցի իրենց՝ «Մեր համայնքը» դաշինքին ընտրի, ավելի մեծ ոգևորությամբ են աշխատելու, որովհետև աշխարհի տարբեր կողմերում բազմաթիվ լուրջ կապեր, ընկերներ ունի՝ դաշնակցական և ոչ կուսակցական, որոնք զգալի ծրագրեր են ուզում իրականացնել, ներդրումներ անել հենց Գավառի համայնքի զարգացման գործում․ «Ունեմ հնարավորություն, որ շենացնեմ այս համայնքը»։
Գավառ խոշորացված համայնքում խնդիրները բազմաթիվ են և դրանք Լավրիկ Արևշատյանի ուշադրության առանցքում են։
«Բազմաբնակարան շենքերի լուսավորության խնդիր կա, տանիքների խնդիր կա, երկրորդային փողոցների ասֆալտապատան խնդիրներ կան, բակային սպորտի զարգացման խնդիր կա, տուրիզմը պետք է զարգացնենք, որովհետև մեր Գավառը իր համայնքներով 2000 տարվա պատմություն ունի, հնարավորություն կա․ կարող ենք գավառցիների տները սարքել հյուրատուն, ես իմ հիմնադրամով ստեղծել եմ այդ կարգի հյուրատներ՝ Սփյուռքի հետ համագործակցելով, ծրագրեր շատ կան։ Դաշտամիջյան ճանապարհներն անանցանելի են այսօր՝ գյուղատնտեսի համար մինչև հանդից իր ապրուստը բերում, հասցնում է տուն, պրոբլեմներով լիքն է։ Ոռոգան ցանց կառուցելու խնդիր ունենք։ Հողերի հավասար բաշխման հարց կա․ գյուղացի կա, որ գյուղատնտեսությամբ չի զբաղվում, բայց ունի 20 հա վարելահող, բայց ֆերմերներ կան, որ ունեն 5 հա վարելահող կամ արոտավայրեր։ Ես ուզում եմ բաշխումը հավասարազոր լինի՝ անարդար բաշխում չլինի։ Հողը չենք վերցնելու՝ տանք մյուսին, բայց կարող ենք համաձայնության գալ, սեփականատիրոջ հետ պայմանագիր կնքել՝ եթե չի մշակում հողը, այն մյուսը ինչո՞ւ հող չունենա մշակի»,-ասաց Լավրիկ Արևշատյանը։
Նրա աշխատանքային ոճը միշտ եղել այնպես, որ թիմով պետք է աշխատի, յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը հաշվի առնելով, յուրաքանչյուրի հետ հաշվի նստելով։ Իրենց դաշինքի կարգախոսն է «Հայրենիքը սկսվում է համայնքից»։
Մի բանում վստահ է՝ մարդիկ չպետք է վախենան, պետք է իրենց խղճով ընտրեն, որ հետո իրենց դեմը դուրս չգա այդ ամենը։
Աննա Բալյան