Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 21:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիս-Կապանի մասին Փաշինյանի հայտարարությունները պետական անվտանգության դեմ հանցագործություն են․ Ալավերդյան

ՀՀ գլխավոր դատախազությունը թող սա ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում՝ Փաշինյանի հայտարարությունը, թե Գորիս-Կապանի ճանապարհի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել, իբրև թե «Հայաստանի տարածքում չէ, այլ Էյվազլիի», պարունակում է սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ հանցագործությունների մի շարք հատկանիշներ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականություների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց նաև հոդվածը, որը համապատասխանում է Փաշինյանի արարքին՝ ՀՀ քրօր․ 28-րդ հոդվածն է, որը հենց այդպես էլ կոչվում է՝ Սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ հանցագործություններ։

«Հաջորդը՝ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը չի կարող համարվել ուժի մեջ մտած։ Այն, որ դա օրինական չէ և այլն, հասկանալի է, բայց այդ հայտարարությունը, որ պետք է գնահատենք որպես միջազգային պայմանագիր, չանցնելով համապատասխան գործառույթներ՝ ուժի մեջ մտած չի համարվում։ Այնպես որ, այս տարվա գործողությունների շարքն ամբողջովին ևս իրենից ներկայացնում է այնպիսի հանցագործությունների հատկանիշներ, որոնք թվարկված են Քրօր 28, ինչպես նաև 30, 31 հոդվածներում»,-ասաց իրավապաշտպանը։

Նա վստահեցրեց, որ նշված հոդվածներով բնակչության և պետության անվտանգության համար ամբողջական պատասխանատվությունը ևս կրում է վարչապետը։

Այնինչ վարչապետը հայտարարեց, որ ադրբեջանական մաքսակետերով անցնել չուզեցողները կարող են տեղաշարժվել այլընտրանքային ճանապարհով, որը գրեթե անանցանելի է,  իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Գորիս-Կապան մայրուղով անցնելու դեպքում հայ քաղաքացիներից գումար կվերցնեն կամ ինչ-որ բան։

«Այլընտրանքային ճանապարհով անցնելը իրավունք է և հնարավորություն է, բայց երբ վարչապետը պարտադրում է դա, իսկ «ՎԱԽ-ի քրատուղար» Արմեն Գրիգորյանը ավելացնում է, որ որոշակի գումար վճարելու դիմաց կարող են անցնել և այն ճանապարհով, որը գտնվում է ադրբեջանցների անօրինական հսկողության ներքո, դրանով իրենք, այո՛, ոտնահարում են մարդու իրավունքների այնպիսի մի շարք, որտեղ կյանքի, աշխատանքի, սոցիալական տարբեր այլ իրավունքներն են»,-վստահեցրեց Լարիսա Ալավերդյանը։

Նա կոչ արում ոստիկաններին, որ հիմա պաշտպանում են վարչապետի անվտանգությունը, գնալ և պաշտպանել մարդկանց այդ բնակավայրերում, այնտեղ կանգնել և բոլորին ուղեկցել Գորիս-Կապան ճանապարհով․ «Իսկ մուծումները թող անի կա՛մ Արմեն Գրիգորյանը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը»։

Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց, որ բանավոր հայտարարությունները հիմք չեն և չեն կարող հիմք լինել մեր քաղաքացիների համար, որ իրենք փոխեն իրենց ճանապարհը։

«Այ, որ փակ է, դա նրա հետևանքն է, որ վարչական բնույթ կրող սահմանը չի կարող լինել միջպետական սահման․ իմ հայտարարությունը կխնդրեի, որ Գլխավոր դատախազը ընդուներ որպես հանցագործության մասին հայտարարություն, մեր աչքի առաջ կատարվում են հանցագործություններ սահմանադրական կարգի դեմ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Սա փաստելու համար իրավապաշտպանը մեջբերում արեց հետխորհրդային 12 պետությունների հայտարարությունից, որն արել են 1991 թ-ի դեկտեմբերի 16-ին՝ ԽՍՀՄ փլուզման շրջանում։

«Այդ հայտարարությունը կոչվում է «12-ի հայտարարություն Ռուսաստանի և այլ Սովետական նախկին հանրապետությունների ճանաչման մասին»․ այնտեղ հստակ շարադրած է՝ պետությունների կողմից այդ հանրապետությունների ճանաչումը որևէ ձևով չի կանխորոշում միջպետական սահմանները։ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, որոնք պարունակում են այդպիսի բառակապակցություն՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններ»՝ առոչինչ են, կամ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ»՝ անգրագիտություն են, ՄԱԿ-ը չունի գործառույթ պետությունը ճանաչելու, այն էլ սահմանները ճանաչելու»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․