կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-11 16:44
Տարածաշրջան

Թուրքիան նախատեսում է ևս երկու ատոմակայան կառուցել

Թուրքիան նախատեսում է ևս երկու ատոմակայան կառուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում երկրորդ և երրորդ ատոմակայանների նախագծումը կսկսվի երկրի հարավում գտնվող «Աքքույու» ատոմակայանի շինարարության ավարտից հետո․ հայտնում է Hurrieyt թերթը։

«Ոչ ոք, ով դեմ է Թուրքիայի տնտեսական անկախությանը և թուրք ազգի բարեկեցությանը, չի կարող ընդդիմանալ միջուկային էներգիային»,- ասել է Էրդողանը նոյեմբերի 9-ին Էներգետիկ շուկայի կարգավորման ինստիտուտի սպասարկման շենքի բացման արարողության ժամանակ:

Ըստ Էրդողանի՝ կառավարությունն անում է իր աշխատանքը՝ նկատի ունենալով էներգետիկ կարիքների աճը և նախատեսում է շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկը 2023 թվականին։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Թուրքիան ուղիներ է փնտրում իր վերականգնվող էներգիայի աղբյուրներից ավելի շատ օգուտ քաղելու համար։

«Քամուց էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդներ ենք սահմանում։ Ամենամաքուր էներգիայի աղբյուրներին հակադրվելը բնապահպանության հետ կապ չունի»,- ասել է Էրդողանը։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Թուրքիան Սեւ ծովում կատարել է իր պատմության մեջ բնական գազի ամենամեծ հայտնաբերումը։ «Այս բացահայտմամբ Թուրքիան այժմ տեղափոխվել է այլ լիգա: Մենք կգտնենք և կկորզենք այն ամենը, ինչ կա Սև և Միջերկրական ծովերում»,- վստահեցրել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը մանրամասնել է, որ հենց բնական գազ արդյունահանվի, Թուրքիան այն կտրամադրի ժողովրդին։ «Մեր երկրի կարողությունները խոր ծովային տարածքներում հետախուզման, հորատման և արտադրության ոլորտում կհասնեն բարձր մակարդակի»,- ավելացրել է նա:

Բացի դրանից, ըստ Էրդողանի, Թուրքիան աշխատում է, որպեսզի Սեւ ծովում գազի մատակարարման առաջին փուլը հասանելի լինի 2023 թվականին։