կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-10 18:57
Հասարակություն

Վաչեի բազմաթիվ հարցերին պատասխան չկա. Ի. Սաղաթելյանը որդու հետ Արցախում է

Վաչեի բազմաթիվ հարցերին պատասխան չկա. Ի. Սաղաթելյանը որդու հետ Արցախում է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը որդու հետ գտնվում է Արցախում: Նա իր պաշտոնական էջում հրապարակել է լուսանկարներ՝ հետևյալ գրառմամբ.

«Վաչեն առաջին անգամն է Արցախում.

Բազմաթիվ հարցերին պատասխան չկա...

Բայց մի հարցում վստահ ենք, անկախ ամեն ինչից Արցախը մնալու է հայկական և ի հեճուկս որոշների Արցախը ապրելու է»:

Հիշեցնենք՝ ուղիղ 1 տարի առաջ այս օրերին (նոյեմբերի 11-ին) ԱԱԾ աշխատակիցները ներխուժեցին  ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակ, որտեղից որոշ ժամանակ անց բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելյանին։ ԱԱԾ-ի՝ ՀԳՄ գրասենյակ այցելած խմբի ղեկավար, փոխգնդապետ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը չգիտի, թե ինչ կարգավիճակով է ԱԱԾ հրավիրում Ի. Սաղաթելյանին. ինքը կատարում է հրաման։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, փաստաբանը լրատվամիջոցներին ներկայացրեց Իշխան Սաղաթելյանի՝ ԱԱԾ մեկուսարանից որդուն ուղղված նամակը. վերջինս հայտնել էր, որ իր խոստումն ուժի մեջ է, և որդու հարսանիքը լինելու է Շուշիում.

«Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն չէի գալիս, քանի որ ամաչում էի նայել աչքերիդ ու ասել, որ Շուշին ու Արցախի մեծ մասը էլ չկա: Ես անցնող 40 օրերին քեզ չեմ խաբել, տղե՛ս, ես վստահ էի, որ լավ է լինելու

Հիմա էլ քեզ և քո սերնդակիցներին խոստանում եմ, որ Արցախի հարցը մեր սերունդը վերջնականապես լուծելու է և դուք ապրելու եք ազատ, անկախ, միացյալ Հայաստանում:

Տղե՛ս, իմ ժամանակավոր բացակայությունից մի տխրի, բա ի՞նչ անեն այն հարյուրավոր երեխաները, ովքեր շարունակ սպասելու են իրենց հերոս հայրերին: Այս պահին ես պատասխանատու եմ նաև իրենց համար, իրենց հերոս հայրերի շիրիմների առաջ, իմ դաշանակցական ընկերների առաջ, ովքեր այս պահին կանգնած են սահմանին: ՊԻՆԴ մնա, տղե՛ս, մորդ ու քույրերիդ կողքին:

Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու:

11.11.2020 թ.

ԱԱԾ մեկուսարան», - գրել էր նա նամակում: