կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-01 22:19
Քաղաքական

Միրզոյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել. news.am

Միրզոյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել. news.am

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

NEWS.am-ը ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկանում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերին:

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Երկուստեք կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրումը: Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքին և դրանցով ստանձնած հանձնառությունների իրականացմանը։