կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-09 11:17
Քաղաքական

Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը հասել է անդառնալիորեն հատման բարձրակետին. իրանական հայտնի հայալեզու պարբերականի գլխավոր խմբագիր

Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը հասել է անդառնալիորեն հատման բարձրակետին. իրանական հայտնի հայալեզու պարբերականի գլխավոր խմբագիր

Օրերս Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում փակվել Է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամանեիի «Օջագ Նեջաթ» գրասենյակը: Սա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, ինչպես է ստեղծված հայ-իրանական, իրանա-ադրբեջանական հարաբերությունները գնահատում պաշտոնական Իրանը, այս եւ այլ օրակարգային հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է իրանական «Ալիք» օրաթերթ կայքէջի  պատասխանատու խմբագիր ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

ԻՐԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՆՁԻՆՍ ԵՐԿՐԻ ՇԻԱՅԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐՋ ԼԱՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

-Պարոն Շահնազարյան, Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Բաքվում փակվել Է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամանեիի «Օջագ Նեջաթ» գրասենյակը: Որն, ըստ Էության, Շիա մահմեդականության հիմնական օջախն էր Ադրբեջանում: Ի՞նչ ականներ եւ տողատակեր են թաքնված այստեղ, եւ ինչպե՞ս են Շիա մահմեդականները արձանագանքել վերը նշվածին առհասարակ:

-Իրանի արձագանքը միանշանակորեն խիստ բացասական է եղել: Թեհրանի համար Բաքվի նման վարքագծի տողատակում թաքնված մեսիջի հստակ է. Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես հակաիրանական հստակ դիրքորոշմամբ երկիր` առաջարկելով իրեն Արեւմուտքին: Այդ կերպ Բաքուն փորձում է հավելյալ մանեւրի հնարավորություն ձեռք բերել Թեհրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին: Իհարկե, պետք է նշել, որ սա չափազանց վտանգավոր խաղ է, եթե հաշվի առնենք Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը: Չմոռանանք, որ Ադրբեջանը գտնվում է Իրանի դավանական եւ մշակութային քաղաքակրթական տարածքում: Սա լուրջ մարտահրավեր է Բաքվի համար։ Ի դեմս ավանդաբար շիայական բնակչության՝ Իրանը կարող է ներքին լուրջ լարում ստեղծել Ադրբեջանի ներսում` ակտիվացնելով դավանաբանական հարցերը: Սա կարող է կտրուկ մեծացնել ադրբեջանական հասարակության թրքամետ եւ իրանամետ հատվածների միջեւ խզումը` հասարակությանը կանգնեցնելով կազմաքանդման վտանգի առջեւ:
-Իրանական ԶԼՄ-ներում հայտնվել է քարտեզի, որտեղ ներկայացվում է Ադրբեջանը մասնատված եւ տարբեր ազգերի բաժանված, որքանո՞վ է հավանական նման սցենարը իրականության մեջ:
-Սա հիմնականում պետք է դիտարկել Բաքվի դեմ Իրանի ծավալած քարոզչական, հոգեբանական պատերազմի համտեքստում: Տեսականորեն դա, իհարկե հնարավոր է: Նախորդ հարցումներում ես արդեն ասել եմ, որ Իրանը հնարավորություն ունի հանձինս երկրի շիայական բնակչության, ներքին լուրջ լարում ստեղծել Ադրբեջանում: Դրա համար էպիկենտրոն կարող են հանդիսանալ Աօշերոնը եւ Թալիշստանը: Չմոռանանք նաեւ իրանակման ծագում ունեցող թաթերին: Սակայն, բացառում եմ, որ Իրանը այս պահին կգնա նման քայլի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆԱՎԱՏ ՄԵՍԻՋՆ ԷՐ, ՈՐ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՀՂԵԼ

-Պարոն Շահնազարյան, ՀՀ-Իրան հարաբերությունները ինչպե՞ս է գնահատվում այսօր ԻԻՀ-ի պաշտոնական մակարդակով:
-Հայաստանի հետ հարաբերությունները միշտ էլ կարեւոր նշանակություն են ունեցել Իրանի համար, իսկ դրանց նշանակությունը կտրուկ բարձրացել է հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին: Հայաստանի հետ ցամաքային սահմանը, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, առանցքային նշանակություն ունի Իրանի ռազմավարական եւ անվտանգային շահերի դիտանկյունից: Ցավով պետք է նշեմ, որ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունների վարած անորոշ, աննկարագիր եւ ձախողած արտաքին քաղաքականությունն իր բացասական հետեւանքներն է թողել հայ-իրանական հարաբերությունների վրա: Ստեղծված իրավիճակը բացառիկ հնարավորություն է ընձեռել Երեւանին` սրբագրելու Իրանի հետ վերջին 3 տարիների ընթացքում թույլ տված սխալներն ու բացթողումները: Հրաշալի առիթ է ստեղծվել վերաիմաստավորելու եւ բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հայ-իրանական հարաբերությունները: Ցավոք սրտի, մենք պաշտոնական Երեւանի կողմից կրկին իրավիճակին ոչ համարժեք եւ որեւէ տրամաբանական բացատրություն չունեցող քայլերի ականատեսն ենք: Մասնավորապես, այն պահին, երբ Իրանը փակել է իր օդային տարալքն ադրբեջանական ինքնաթիռների վրա, թշնամական երկրի ինքնաթիռներին, Նախիջեւանի ուղղությամբ Հայաստանի օդային տարածք տրամադրելը հնարավոր ամենավատ մեսիջին էր, որ այս պայմաններում կարելի էր հղել Իրանին:
-Հնարավո՞ր է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը Ադրբեջանի հետ վերածվի ռազմական գործողությունների:
-Ինչ խոսք, վերջին իրադարձությունների ֆոնին Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը հասել է անդառնալիորեն հատման բարձրակետին: Այդուհանդերձ, ռազմական հակամարտության հնարավորությունը գրեթե բացառված: Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը գնա լուրջ սադրանքի` օրինակ, Սյունիքի բռնակցման փորձի տեսքով:

ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՒՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

-Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս է իրանահայերի վրա անդրադառնում վերջին օրերի զարգացումները եւ ի՞նչպես են արձագանքում մեր հայրենակիցները ՀՀ-ի դիրքորոշմանը:
-Իրանահայերը մեծ ուշադրությամբ են հետեւում վերջին օրերի զարգացումներին: Որպես Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, մենք ողջունում եւ մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնում Իրանի ձեռնարկած քայելրին` գիտակցելով, որ դրանք միանշանակորեն բխում են նաեւ ՀՀ-ի եւ ԱՀ-ի անվտանգային շահերից եւ կոչված են կանխելու Սյունիքի բռնակցման փորձերը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որոնց դեմ, ցավոք սրտի, գործնական որեւէ քայլ չեն ձեռնարկում ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները:

Զրույցը`ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ