կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 16:58
Քաղաքական

Հսկաները, հայոց պատմության երկնքի փայլուն աստղերը. Վարնկաթաղի զոհերի տարելիցին նվիրված միջոցառում՝ Զորաց պանթեոնում

Պռոշյանի Զորաց պանթեոնում կրկին թարմ ծաղիկներ են. այսօր լրացավ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարնկաթաղում ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 եւ 1-ին վաշտի 2 կամավորականների նահատակման տարելիցը: Անցած տարի այս օրը Վարնկաթաղի բարձունքում զոհված ընկերներին հիշելու եւ հարգանքի տուրք մատուցելու էին եկել նրանց դաշնակցական ընկերները, բարեկամները, հարազատներն ու մտերիմները:

Օրը խորհրդանշական էր նաեւ այլ իմաստով․ սրբազան վայրում Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 35 նորագիրներ երդման արարողությամբ անցան ՀՅԴ մեծ ընտանիքի շարքերը:

ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, խոսքն ուղղելով նորագիր կամավորականներին, ասաց. «Դուք կամավորներ եք, որ այս օրերին միանում եք մեզ, մեր գործին եւ շարունակելու եք այն պայքարը, որ սկսել ենք 130 տարի առաջ»:

Կամավորական գումարտակի փոխհրամանատար Բորիս Տեր-Հովհաննիսյանը, դիմելով նորագիրներին, շեշտեց՝ պատահաբար չի ընտրվել երդման արարողության վայրը՝ «Զորաց» պանթեոնը, այստեղ ննջում են դաշնակցական այն տղաները, որոնք դաշնակցականի երդումն իրենց արյան գնով ապացուցեցին:

«Մենք հենց այդ ենք սպասում դաշնակցականից: Կանոնագրի մեջ էլ կա՝ դաշնակցականը այն անհատն է, որ ընդունում է Դաշնակցության ծրագիրը, կանոնագիրը, որոշումները, գործելակերպը եւ ամեն ջանք թափելու է, որ կենսագործի այդ որոշումները: Այս տղաները հսկաներ են, հայոց պատմության երկնքի մեջ փայլուն աստղեր են: Ոմանց դուք ճանաչում եք, ոմանց՝ ոչ, բայց նրանք մեր պատմության, վերջին պատերազմի նվիրյալներից էին, որոնք մեկ րոպե անգամ չվարանեցին՝ երդումն ի կատար ածելու, հայրենիքը փրկելու, ամբողջականությունը պահպանելու, ընկերների կյանքը փրկելու համար: Դուք, որ գաիս եք՝ նույն ճշտապահությամբ եւ կարգապահությամբ, նույն հպարտությամբ եւ վճռականությամբ, պիտի երդվեք եւ խոստանաք, որ շարունակելու եք մեր ընկերների ճանապարհը»,- ասաց Բորիս Տեր-Հովհաննիսյանը՝ խոսքն ուղղելով նորագիր կամավորականներին:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նորագիրներին ասաց՝ Դաշնակցության անդամ դառնալը դժվար չէ, դժվար է դաշնակցական մնալը, երդում տալ՝ նշանակում է ամբողջ կյանքում՝ երդման պահից սկսած, մնալ կուսակցության անդամ, մնալ հավատարիմ Դաշնակցության ծրագրին, կանոնագրին, որոշումներին:

Խոսելով արարողության վայրի ընտրության մասին՝ Կ. Մանոյանը ընդգծեց՝ պանթեոնում հանգչում են Արցախյան երկու պատերազմներում կռված եւ զոհված մոտ 3 տասնյակ ազատամարտիկներ, որոնք գուցե չեն ստացել հերոսի շքանշան, բայց իրականում հերոսներ են:

«Հերոսներ են նաեւ մեր մեջ գտնվող շատ ընկերներ, որոնք կրկին մասնակցել են Արցախյան երկու պատերազմներին եւ բախտի բերմամբ չեն զոհվել: Նպատակը զոհվելը չէ, այլ անմնացորդ նվիրվելը այն նպատակին, որի համար երդում եք տալու: Այսօր իսկապես դժվար է դաշնակցական լինելը, որովհետեւ իշխանության գխին ունենք մի քաղաքական ուժ, որն իր էությամբ եւ ուղղվածությամբ ապազգային է: Այսինքն՝ մեր պայքարը ոչ միայն արտաքին թշնամու դեմ է, այլ նաեւ հենց մեր պետության, իշխանության դեմ»,- ասաց Կ. Մանոյանը՝ շեշտելով՝  դուք պատասխանատու որոշում եք կայացրել:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան