Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին-ին, «Արամ Խաչատրյան» համերգասահում տեղի կունենա Արցախի հերոս Ալեն Մարգարյանի եւ 44-օրյա Արցախյան պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշ-երեկո։ Միջոցառման ընթացքում կցուցադրվի Ալեն Մարգարյանին նվիրված ֆիլմ՝ նկարահանված «Շարմ հոլդինգի» կողմից։ Հուշ-երեկոն կազմակերպում է «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը։ Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։
Yerkir.am-ի հետ զրույցում Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ասաց, որ ֆիլմը հրաշալի է ստացվել։ 30 րոպե տեւող ֆիլմում փորձ է արվել ներկայացնել Ալենի պատանեկությունից մինչ անմահություն ճանապարհը։
«Առաջիկայում դեռ շատ կնկարահանվեն նրա մասին պատմող ֆիլմեր, քանի որ Ալենն այնքան կիրթ էր, այնքան բազմակողմանի զարգացած, որ նրա կյանքի եւ գործունեության մասին մեկ ֆիլմով հնարավոր չէ սահմանափակվել»,- ասաց Ն․ Տերտերյանը։
Հերոսի մոր խոսքով՝ Ալենն իր ապրած 21 տարիների ընթացքում կերտել է փառահեղ ուղի, եղել է ուսման գերազանցիկ, ինչի մասին են վկայում նրա կարմիր դիպլոմները, կարմիր վկայականները, մի շարք պատվոգրերն ու գովասանագրերը։ Ասվածի վկայությունն է Բոստոնի համալսարանի երկու մագիստրոսական ծրագրերով ընդունվելու փաստը։
Լույս են տեսել նաեւ «Բոլորիս Ալենը» եւ «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքերը, որոնց շնորհանդեսը տեղի կունենա վաղը կայանալիք հուշ-երեկոյի ընթացքում։
«Իմ, ընկերների, դասախոսների եւ նրա ուսանողների համատեղ ջանքերով լույս տեսավ «Բոլորիս Ալենը» վերնագրով գիրքը, որի կրկնակի շնորհանդեսը տեղի կունենա հուշ-երեկոյի օրը։ Ալենը ոգեշնչման աղբյուր է հազարավոր մարդկանց համար։ Այդպիսի ոգեշնչման արդյունքում ծնվեց նաեւ «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքույկը, որի հեղինակն է երիտասարդ գրող Արման Վարդանյանը։ Այդ գիրքը եւս հանրության դատին կներկայացվի հուշ-երեկոյի ընթացքում»,- հայտնեց Ն․ Տերտերյանը։
Հերոսի մայրը ցավով արձանագրում է՝ սեպտեմբերի 27-ին լրացավ չարաբաստիկ պատերազմի մեկ տարին, սակայն Եռաբլուրում դեռ փոշի եւ շինարարական աշխատանքներ են, պատրաստ չեն տղաների շիրիմները։ «Իմ կարծիքով՝ դա սրբատեղի է, ուխտավայր ողջ հայության համար, ուստի այն պիտի գտնվի ինչպես կառավարության, այնպես էլ բոլորի ուշադրության կենտրոնում, եւ բոլոր ֆինանսները պիտի ուղղվեն Եռաբլուրի եւ տղաներին նվիրված կոթողների կառուցմանը»,- հավելեց նա։
Լիանա Սարգսյան