կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-28 16:26
Քաղաքական

2011-ին մեր կողմից չընդունված ոչ պիտանի ռազմամթերքը կրկնակի թանկ գնել է այս իշխանությունը. Սեյրան Օհանյան

2011-ին մեր կողմից չընդունված ոչ պիտանի ռազմամթերքը կրկնակի թանկ գնել է այս իշխանությունը. Սեյրան Օհանյան

Եթե ինչ-որ մարդիկ փորձում են մանիպուլացնել, խեղաթյուրել փաստերը, նաև խառնակչությամբ զբաղվել, թող գտնեն այդ կոռուպցիոն հետքերն այսօրվա իշխանությունների ղեկավարման ժամանակ: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի երեկ հնչեցրած հետևյալ մեղադրանքին. «Դատարանը կալանավորեց գեներալ Մուրադյանին (նկատի ունի գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին), որի մասնակցությամբ քննությունը պարզել է, որ հսկայական չարաշահումներ են տեղի ունեցել 2011 թվականին, երբ բանակը ղեկավարում էր Սեյրան Օհանյանը»:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ մեջբերվածը չի համապատասխանում իրականությանը.

 «Գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին ձերբակալել են, քրեական գործ է հարուցված, որի նախաքննական գաղտնիությունից և անմեղության կանխավարկածից ելնելով ես կարող եմ միայն հետևյալն ասել, քանի որ այդ քրեական գործով ես նույնպես հարցաքննվել եմ՝ մոտավորապես 3-4 ամիս առաջ:

Խնդիրը կայանում է հետևյալում՝ ԱԱԾ հայտարարության մեջ որոշակի փաստերի, տեղեկատվության խեղաթյուրում գոյություն ունի կախված հետևյալ հանգամանքից. 1-ին, որ 2011 թվականին մատակարարող կազմակերպությունը ՀՀ ԶՈւ-ին մատակարարել է ավիացիոն ռազմամթերք, որի 30 տոկոսն ընդունվել էր զինված ուժերի համապատասխան վարչության՝ Գլխավոր շտաբի կողմից և ՊՆ-ն վճարել է դրա դիմաց: 30 տոկոսը պիտանի է եղել, մնացած 70 տոկոսը քանի որ եղել է անպիտան, ՊՆ-ն չի ընդունել, բայց քանի որ դա ռազմամթերք է և մատակարարող կազմակերպությունը խնդրել է, որ ինքը տեղ չունի այդ ռազմամթերքը տանելու համար, մենք ի պահ վերցրել ենք ԶՈւ-ի համապատասխան հրթիռա-հրետանային սպառազինության պահեստներում՝ այն պայմանով, որ մատակարարող կազմակերպությունը ձեռք կբերի թույլտվություն՝ լիցենզիա տարանցիկ փոխադրման, կամ այլ երկիր մատակարարելու, վաճառելու համար»:

Նշված ռազմամթերքի անպիտան մասը, ինչպես նշեց Սեյրան Օհանյանը՝ ձեռք չի բերվել 2011 թվականին, փոխարենը դրա համար ՀՀ ԶՈւ-ը վճարել և ձեռք է բերել 2018 թվականին, երբ արդեն տեղի էր ունեցել իշխանափոխություն.

«2018 թվականին այդ խմբաքանակը զինված ուժերի կողմից կրկնակի թանկ գնով է ընդունվել: Հիմա բոլոր հարցերը պետք է տալ 2018 թվականին այդ ընդունած ժամանակահատվածում եղած ղեկավարությանը: Որտե՞ղ է այստեղ մեր ժամանակի զինված ուժերի ղեկավարության մեղքը:

ԱԱԾ-ն, եթե լինի ազնիվ և փաստերը չխեղաթյուրի, նա պետք է այդ ինֆորմացիայի մեջ ասեր հետևյալը, որ 2011 թվականին զինված ուժերի կողմից չընդունված, բայց ի պահ վերցված զինամթերքը 2018 թվականին արդեն այս իշխանության օրոք գնվել է կրկնակի գնով և այդ փաստերը պետք է ճշտվեր»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում միտումն այն է, որ այսօր իշխանությունը մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և հետո այս և այլ փաստերի ոչ ճիշտ ներկայացմամբ փորձում է ամեն բան գցել ընդդիմության վրա. «ՀՀ-ում, եթե իմ ղեկավարման ժամանակ այդտեղ ինչ-որ մի թերություն լիներ, հիմա պատկերացնում եք, չէ՞ ինչ աստիճանի էին աղաղակել, իրենք փաստերը ճիշտ չեն ներկայացնում: 2011 թվականին չընդունված զինամթերքը իրենց իշխանության ժամանակ՝ 2018 կամ 19 թվականին իրենք են ընդունել, թող իրենք գնան իրենց հետևից»:

Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանություններն ակնհայտորեն անընդհատ միջոցառումներ են իրականացնում հասարակությանը հիմնական խնդիրներից շեղելու ուղղությամբ. «Այստեղ գոյություն ունի հարուցված քրեական գործ և գոյություն ունի գաղտնիություն, նախաքննական և անմեղության կանխավարկած, այդ բոլոր գործընթացները, եթե ուզում են ազնիվ կերպով տանել, թող տանեն, մինչև վերջ բացահայտեն: Այս տարիների ընթացքում անընդհատ ես գտնվել եմ հետապնդման մեջ, անընդհատ շինծու ինչ-որ գործեր են փորձել ձևակերպել և փորձել քրեական հետապնդում իրականացնել, եթե ինչ որ մի բան լիներ, հավատացեք, որ վաղուց արդեն մի բան կանեին: Փորձ արվում է նաև այն մարդկնաց նկատմամբ, ովքեր իրենց անցած ճանապարհով ինչ-որ մի բանի հասել են և մեր հայրենիքի համար ինչ-որ մի բան արել են: Այստեղ խնդիրը արժեքների ոտնահարումն է, արժանիքների ոչնչացումն է, որպեսզի այդ համատեքստում այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի, մեր հանրության աչքերում երևան ավելի ազնիվ, ավելի արդար: Ուրեմն կարող եմ ավելացնել հետևյալը՝ թող չփորձեն ավելի ազնիվ երևալ, ավելի նվիրված, քան մենք, մեր թիմի անդամները, որոնք իրենց կյանքով են ցույց տվել այդ ամենը»: