կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-02 17:02
Քաղաքական

Անվտանգային համակարգն ամրապնդելով՝ թշնամուն խաղաղություն պարտադրել

Անվտանգային համակարգն ամրապնդելով՝ թշնամուն խաղաղություն պարտադրել

ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին նվիրված ԱՀ Ազգային Ժողովի հատուկ նիստին: Նա նշել է, որ այսօր, առավել քան նախորդ բոլոր 30 տարիներին, կարևոր է, որ մենք միասին նշում ենք Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը. «Մենք թվով մեր թշնամիներից քիչ ենք, բայց երբ միակամ ենք, համախմբված ենք, այդ առավելությունն ի չիք է դառնում: Մեր հաջողության կարևոր աղբյուրը՝ միասնությունն է: Այո՛, փորձություններ կարող են լինել, որոնք պետք է հարբերատար հաղթահարել: Այդ փորձությունների հաղթահարման համբերատարությունից ծնվելու  է նոր եռանդ, նոր ուժ, նոր հնարավորություն և նոր հույս, որոնք երբեք չեն խաբելու մեզ:

Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ ինչպես 30 տարի առաջ, այսօր էլ Արցախը նորից գոյատևման լուրջ խնդիր ունի, Արցախի հայությունը իր հայրենիքում պահպանվելու խնդիր ունի. «Այդ տարիների հերոս նախնինները, նախկինները, որոնց մի զգալի մասն այսօր մեզ հետ չէ, շատ իմաստուն որոշում կայացրին՝ հասկանալով, որ ստեղծված իրավիճակում Արցախը հայկական պահելու ամենաճիշտ ճանապարհը Արցախի Հանրապետության հռչակումն է, որով ոչ միայն Արցախի հայապահպանության խնդիրն էր լուծվելու, այլ նաև ապահովվելու էր որպես վերջնանպատակ մայր հայրենիքի հետ միացումը: Իհա՛րկե, այս կարճ խոսքի մեջ դժվար է շարադրել այն դասերը, խորհուրդները, որ քաղեցինք այս ամբողջ 30 տարիներին: Բայց մի բան ակնհայտ է, որ մենք հաջողել ենք և հաղթել ենք այն ժամանակ, երբ հավատարիմ ենք մնացել մեր իսկ խորհուրդին, մեր իսկ ուխտին, մեր իսկ հռչակագրերին, լինի դա Հայաստանի անկախության հռչակագիրը, թե ԼՂՀ անկախության հռչակագիրը: Ձախողվել ենք, կորուստներ ենք ունեցել, երբ որ այդ նախանշված ուղուց այս կամ այն չափով շեղվել ենք»:

ՀՅԴ Բյուրոյի նախագահի խոսքով՝ այսօրվա մեր խնդիրը նույնն է՝ վերականգնել, վերակենդանացնել, վերակազմակերպել և նույն առաջնորդությամբ գնալ առաջ: «Այսօր պետք է արձանագրենք, որ մեր հաղթանակի մի մասը կորցրել ենք, բայց մենք հասկանում ենք, որ ամեն ինչ կորած չէ, և միշտ կարելի է տեղ գտնել վերականգնելու կորսվածը: Նոր սերնդի,  նոր իշխանությունների առաքելությունը, լինի Հայաստան, Արցախ, դա պետք է լինի: Մենք նորից կանգնած ենք Արցախը հայկական պահելու պարտավորության առաջ: Գիտենք, թե ինչ թշնամու հետ գործ ունենք: Այդ թշնամուց խաղաղություն մուրալ անիմաստ է, այդ թշնամուն միայն պետք է խաղաղություն պարտադրել: Այդ թշնամին ոչ թե միջազգային չափանիշներով, տարբեր նորմերով առաջնորդվող լուծումներ է փորձելու առաջարկել, այլ նրա նպատակը Արցախի հայաթափումն է: Եվ սա մենք հասկացել էինք 30 տարի առաջ: Արցախի ժողովուրդը հասկացել էր, որ եթե չկանգնի այդ գծի վրա, այս պայքարը չդարձնի համահայկական, նախիջևանահայության օրինակը կգործի: Մենք պետք է կարողանանք այնպես ուժեղանալ, թոթափել մեզ  կաշկանդող, իրարից բաժանող մտքերը, խառնակիչ գործընթացները, որ կարողանանք արագորեն վերագտնել մեր միասնականությունը և կարողանանք մեր հաղթանակը վերականգնել: Սա է այսօրվա խորհուրդը»:

Խոսելով նոր մարտահրավերների մասին՝ Արմեն Ռուստամյանը շեշտել է, որ Արցախի անկախության ճանապարհով է միայն հնարավոր արցախահայության գոյությունը այս տարածքներում. «Պետք է բացառվի որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը, որից էլ սկսվեց մեր ամբողջ պայքարը, ապահովվի անխափան և երաշխավորված ցամաքային կապ մայր Հայաստանի հետ, ապահովվի կենսականորեն անհրաժեշտ բոլոր պայմանները անվտանգային հուսալի համակարգ ձևավորելու առումով»:

«Արցախի անկախության և Հայաստանի ինքնիշխանության հարցերը իրար հետ շաղկապված են, մեկի կորուստը բերելու է մյուսի կորստին: Մենք մեկ միասնական համակարգի մեջ ենք և մեկ միասնական համակարգով պետք է հաղթահարենք այս մարտահրավերը, մենք պետք է Ադրբեջանին պարտադրենք հրաժարվել ռազմական ճանապարհով հարցի լուծումից և գալ խաղաղ կարգավորման դաշտ: Դա երբեք իր շահերից չի բխել, պատահական չէ, որ 30 տարիներին 3 անգամ պատերազմ է հրահրել: Մենք պետք է պահանջենք, պարտադրենք և մեր բոլոր լծակները՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, օգտագործենք, որ խաղաղ կարգավորման գործընթացը իրական դառնա: Այդ առումով շատ մեծ և կարևոր նշանակություն ունի մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և խաղաղապահ ուժերի առկայությունը այս տարածաշրջանում: Շատ կարճ ժամանակահատված ունենք ճիշտ գնահատելու ստեղծված իրավիճակը, և մեր անվտանգային համակարգը ամրապնդելով՝ թշնամուն խաղաղություն պարտադրել: Ուրիշ ճանապարհ չկա: Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը, ողջ հայությունը այս պարզ գիտակցությունը կունենա և մենք շատ արագ կվերագտնենք մեր բոլոր հնարավոր եղանակները նորից վերականգնելու մեր կորցրածը և նորից վայելելու հաղթանակի բերկրանքը»,- խոսքը եզրափակել է Արմեն Ռուստամյանը: