կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 14:30
Քաղաքական

Հայաստանում հաստատվել և խորանում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են․ ՀԺՄ նախագահ

Հայաստանում հաստատվել և խորանում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են․ ՀԺՄ նախագահ

Իշխանությունները, նրանց սպասարկող շրջանակներն արդեն առանց ավելորդ ձևականությունների թիրախավորում են լրագրողներին, մամուլը վաղուց իշխանության համար բաժանված է յուրայինների և օտարների․ «Հայաստանի ժուռնալիստների միության» նախաձեռնած՝ «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա ընդգծեց, որ մամուլի դեմ արշավը մի քանի հարթությունում է տեղի ունենում․ օրենսդրական, իրավական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, իսկ հանրային տրամադրություններում, սոցիալական մեդիայում և այլ հարթակներում մամուլի նկատմամբ թշնամանք է գեներացվում։

«Տպավորություն է ստեղծվում, որ մամուլը, ազատ խոսքն առաջիկայում կարող են հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը՝ իրագործել իր սիրած «պողպատյա մանդատը»», - ասաց ՀԺՄ նախագահը։

 
 

Նրա խոսքով՝ մամուլի հետ կապված այս իրավիճակը միայն ԶԼՄ-ներին չի վերաբերում։

«Իրականում սա բացառապես քաղաքական և հասարակական խնդիր է և արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Սրա խորքային պատճառն այն է, որ Հայաստանում հաստատվել է և խորանում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար մի համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են», - ընդգծեց Սեյրանյանը։

Նա մամուլի դեմ ուղղված իշխանության քաղաքականության դեմ պայքարում լրագրողների և ԶԼՄ-ների առաջին դաշնակիցը համարեց քաղաքացիներին՝ շեշտելով, որ մամուլի դեմ սանձազերծված արշավն իրականում ուղղված է քաղաքացիների՝ տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի իրացման դեմ։