Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ ատելության խոսքով, քարոզով, և կարող ենք պնդել, որ մինչ այժմ նրան իշխանության է պահում կազմակերպված սերմանվող ատելությունը։ Այդ ատելությունը տարածվում է ոչ միայն իր կողմից, իր ֆեյսբուքյան էջով, ելույթներով, թիմակիցներով, այլև բազմաթիվ ֆեյք կայքերով, էջերով, ֆեյք լուրերով։
Սոցիալական ցանցերից օգտվողնեը նկատած կլինեն՝ կարճատև կյանք ունեցող բազմաթիվ կայքեր, ֆեյսբուքյան ու յութուբյան էջեր, որոնք բացվում են, և որոնց հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին աստվածացնելն է, աշխարհի տիրակալ ցույց տալը, մյուսներին նսեմացնելը և սուտ տեղեկություններով մարդկանց աչքեր ու ականջներ լցնելն է։ Օրինակ, կարող եք այդ կայքերի, յութուբյան էջերի վերնագրերում կարդալ, որ մեկ Նիկոլ Փաշինյանը խեղճացրել է Պուտինին, մեկ՝ Էրդողանին, իսկ Ալիևը, ընդհանրապես, վախից լքում է իր երկիրը։ Իսկ ներհայաստանյան, սոցիալական հարցերում լրիվ դրախտ է ներկայացվում։
Վերնագրերը այսպիսին են․ «Նիկոլը ասաց այդ բառը, Պուտինը սարսափած է», «Փաշինյանի ապտակից հետո Էրդողանը ինքնասպանության կդիմի», «Նիկոլը փոթորիկ արեց Բաքվում։ 2 ժամ և Բաքուն չի լինի», «Մակրոնը զորքը բերում է Հայաստան, Ադրբեջանը ողբում է», «ԱՄՆ-ն Ռուսաստանին 6 ամիս ժամանակ է տվել», «Վարչապետը հասավ իր ուզածին․ ԿԵՑՑԵՍ։ էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի․ տեսեք ինչքանով» (լուր է տարիներ առաջ հոսանքի էժանացման մասին, խմբ․), «Գիշերը եղել է Ցունամի։ Բոլորը քարացած են, սա են Դիտել» (ինչ-որ մեկը լայվ է մտել, խմբ․), «Հրատապ. Լավ լուր Հայաստանի համար. Այս լուրը պայթեցրեց ողջ երկիրը. Տեսեք, թե ինչ է կատարվում։ Ու այդ «երկիրը պայթեցրած» լուրն իրականում կառավարության նիստից մի հատված է, որտեղ խոսում են երեխաների ճամբարի մասին։ Իսկ նկարը որևէ կապ չունի լուրի հետ։ Գլխավոր ֆոտոն էլ Ռոբերտ Քոչարյանն է, Նիկոլ Փաշինյանը և ոստիկանական նոր ստորաբաժանումը։
Իհարկե՝ ֆեյքերից ոչ պակաս կեղծ լուրերով քարոզ են անում իշխանական զանազան գործիչներ։
Վերջին երեք տարիների ընթացքում բացվել են մի շարք կայքեր, որոնք տարածում են ստեր, իշխանական կայքերն էլ վերցնում են ու դա տարածում։ Բանը հասել է այնտեղ, որ անգամ Հանրային հեռուստաընկերությունը Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am-ից «մեր տեղեկություններով» շարքի լուր է եթերում կարդում։ Կարևորը՝ որ դա լինի բամբասանք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին։ Այստեղ փաստենք, որ 1in.am-ն ու նրան կից գործող «Ժամանակ» թերթը լրատվամիջոցներ են, որոնց, սովորաբար, հաղթում է ցանկացած ոք, ով դատի է տալիս իր արժանապատվությունը վիրավորելու և զրպարտելու համար։ Իսկ մշտապես հաղթում է, որովհետև այդ տեսակի «լուրերը» սովորաբար նպատակ են ունենում մարդկանց մոտ այն կարծիքը ձևավորել տվյալ անձնավորության մասին, որը ցանկանում է, օրինակ՝ Արման Բաբաջանյանը կամ Նիկոլ Փաշինյանը, կամ իրենց պատվիրատուները։ Եվ ոչ մի պարագայում դա իրականության հետ կապ ունենալու կարիք չի ունենում։ Այսինքն, հակաքարոզչություն, «մաքուր արտադրության»։
Իսկ մյուս, արդեն ֆեյքային կայքերը, իրենց հերթին, ոչ միայն փող աշխատելու համար են ստեղծված, այլև ու առաջին հերթին՝ հանրությանը մանիպուլացնելու, ընդդիմությանը թիրախավորելու և ատելություն գեներացնելու նպատակով։ Դրանք գեներացնում են ատելություն, այդ կայքերի գովազդը տեղադրվում է այնպես, որ առավել նկատելի լինեն գյուղական վայրերում, կրթական ցածր ցենզ ունեցող քաղաքացիների շրջանակներում և այն անձանց, որոնք հակված են դրանք ընդունելու որպես հավաստի լուր։ Արմատավորել ատելություն և կառավարել այն․ ահա այս սկզբունքով են շարժվում այդ տեխնոլոգիաները, և որը օգտագործվում է այս իշխանության կողմից։
Հակաքարոզչության հիմնական ուղղությունները․
Ըստ մեր դիտարկումների, հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այս կայքերը, յութուբյան և ֆեյսբուքյան էջերը տարածում են իշխանությունից ազդակներ ստացած քարոզի երկու ուղղություն․ հակառուսականության և հակաընդդիմադիր։ Երկու կողմի նկատմամբ էլ գեներացվում է ատելություն։
Հակառուսական քարոզ․
Հակառուսական քարոզը իշխանության ձախողումների, պատերազմում կորուստների, հայրենիքի հանձնման, հետպատերազմյան ճգնաժամի, սահմանային սրացումների ողջ պատասխանատվությունը ուղղում է Ռուսաստանի վրա, որը, իբրև, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ է գործում։ Այս քարոզն անում են ամենամեծ ստերը և հակաքարոզչությունը հորինելով։ Դնում են իշխանական հայտնի ու անհայտ գործիչների, տարբեր քաղաքացիների խոսքեր, ֆեյսբուքյան գրառումներ, հաճախ՝ ոչնչով աչքի չընկնող, ոչ հանրայիրն գործիչների գրառումներ, և այդ գրառումները վճարովի գովազդով տարածում։
Օրինակ՝ ինչ-որ https://ukraine2020.info/-ում ոմն Artak Tuman տեղադրում է նյութ՝ հետևյալ վերնագրով․ «Մանթրաժ ե՞ս Պուտին, հարմարվի՛ր ու կամաց-կամաց անցիր գործի, ինչպես Սև լիճ ազերի զինվորով լցրեցիր, հետ քաշի՛ր, իսկ երասխի ուղղությամբ այդ կրшկոցները լռեցրու, եթե ի վիճակի չես, ձեն հանի հեր օրհնած, մենք՝ հայ ժողովուրդս Հայաստան չունենք քեզ տալու ականջիդ օ՛ղ արա»։ Այս «լավաշ վերնագրով» նյութի մեջ ՀՀ տարածքային կորուստների համար մեղադրում են ՌԴ-ին։
Հենց հուլիսի 29-ին նույն կայքը տեղադրել է մեկ այլ նյութ․ «Երևան ուղարկելուց առաջ Պուտինը հшյհոյшխшռն կոշտ խոսակցություն է ունեցել Լավրովի հետ. Ի՞նչն է պատճառը»։Նյութը բառացիորեն այն մասին է, թե սրանից երկու ամիս առաջ՝ մայիս ամսին, ինչ է տեղի ունենալու։
Մեկ այլ կայք՝ https://ikf.am/, դարձյալ շարժվում է նույն տրամաբանությամբ, անկապ լուրեր՝ կանչող վերնագրերով, որոնք հակառուսական տրամադրութւյուններ կստեղծի։ Տեղադրված այս լուրն ունի հետևյալ վերնագիրը․ «Զшխшրովшյի լեզվի սшյթաքումը բшցեց խшղшքարտերը․ Հшյшստшնը шնցшվ պլшն Բ-ի»։ Դարձյալ շարադրված է նույն անգրագետ ոճով, ոչ եթերային ձայնով մեկն ընթերցում է այդ անգրագետ շարադրանքը։
Եվ կայքերն էլ բոլորովին անհասկանալի կայքեր են, առանց գրանցման և իրենց մասին ինֆորմացիայի։
https://globusrmedia.ru/ կայքը հակառուսական նյութ է դնում հետևյալ վերնագրով․ «Մեզ միայն մի փոքր դիմանալ է պետք… ՌԴ-ն նшխшգшհ Պուտինը դեռ շատ վաղուց է ալիևին խnuտшցել, որ նա կօգնի բաքվին և Հայաստանից ինչ պետք է կպnկի, բայց Ռ Դ-ն չէր պատկերացնում, որ․․․»։
Այստեղ միտքն ավարտվում է, սակայն վերնագրեր կարդալով, կարծիք կազմողի մոտ ձևավորվում է պատկերացում, որ Պուտինը Ալիևին ինչոր բաներ է խոստանում, Բաքվին է օգնում, Հայաստանից բան պետք է պոկի և այլն։
Այս կայքերը թեև գործում են իշխանական դաշտում, իշխանության հովանավորչությամբ, բայց, միաժամանակ, իշխանությունը խաղում է մի քանի լարի վրա։ Օրինակ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դիմելու է ՀԱՊԿ-ին՝ սահմաններին մոնիտորինգ անելու համար, ՌԴ-ից էլ խնդրում է զորք կանգնեցնել մեր սահմանների երկայնքով։ Միևնույն ժամանակ, իշխանությունից սնվող ֆեյքային կայքերը հետևյալ վերնագրերով նյութեր են տեղադրում․ «Պուտինը Ալիևին է ուզում տալ մեր տարածքները», «Սենսացիա՝ Պուտինը զանգեց Նիկոլին, Նիկոլը մերժեց» և այլն։ Փաստորեն, մի կողմից Փաշինյանը ռուսների ոտքերն է ընկել, մյուս կողմից նրանց դեմ քարոզ է արվում բնակչության շրջանում։ Ու ամեն անգամ, երբ սահմանին իրավիճակը լարվում է, ձեռքերը ծալած-նստած իշխանությունը «բզբզում է» հակառուսական հիստերիա։
Փաշինյանը գնում է ՌԴ ու մեկ զրույցի մեջ 10 անգամ շնորհակալ լինում ՌԴ նախագահ Պուտինից, իսկ իշխանական գործիչները, կայքերն ու ֆեյքերը հակառուսական քարոզ են տանում։ Ինչու՞, կհարցնեք, չի կարո՞ղ այդ ամենը կազմակերպվել ոչ իշխանության կողմից։ Եթե այդպես լիներ, իշխանությունը առաջինը պետք է ձեռնամուխ լիներ վերացնելու այդ բառի բուն իմաստով ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող երևույթները, շատ հանգիստ կարող է դիմել նույն Ֆեյսբուքին ու Յութուբին, փակել տալ այդ կայքերը, էջերը և այլն, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ միայն դա չի արվում, այլ իշխանական գործիչները և իրենց դաշտում «խաղացողներն են» որ հիմնականում տարածում ու մեջբերում են այդ ցնդաբանությունները։
Շարունակենք․ «Այս հшրցը լnւծելու միակ ելքը, այդ չшրшբшuտիկ կшռnւյցը` Հ Ա Պ Կ-ը, լք ելն է, որին կտրականապես դեմ է բռնшպ ետ ցшրը..Իսկ հիմա, ցшրին դեմ գնալն, կարծում եմ բոլորս ենք հասկանում թե ինչ հետևանքներ կարող են ունենալ մեզ համար..»
Այստեղ փորձ է արվում ամեն կերպ ցույց տալ, թե Ռուսաստանն արդեն հոգնեցրել է, նա Հայաստանի թշնամի է, և Փաշինյանը ուղղությունը փոխում է Ֆրանսիա՝ նրա նախագահ Մակրոնին խոսքեր վերագրելով, որոնք նա երբեք չի ասել։
«Եթե ՌԴ-ն չմիջամտի, ես իմ զորքով խաղաղություն կբերեմ Հայաստանի համար»․ Մակրոն
Բայց այդ ամենը, արդեն հետաքրքիր չէ, կարևորը՝ Պուտինի հանդեպ ատելության դոզան ստանալուց, այս մեկը կարդացողի սրտով է, քանի որ տալիս է գլխավոր հարցի պատասխանը՝ Բա եթե ոչ ռուսը, ապա ո՞վ․․․ Ֆրանսիան, Մակրոնը։ Ահա և ամեն բան ընկավ իր տեղը, բոլորը երջանիկ են։ Իսկ որ այդ ամենը իրականության հետ աղերս չունի, արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ, այդ «ճշմարտությունները» շատ հարմար են «լվացված ուղեղների» համար, չէ՞ որ «ես մեղավոր չեմ», «ես չեմ սխալվել, որ ընտրել եմ Նիկոլին», «Նիկոլը ամեն բան ճիշտ է անում», այդ ռուսներն են, նախկինները, Պուտինը, Քոչարյանը, բոլորը, բայց ոչ ես ու ընտրածս Նիկոլը։
Շարունակենք․ Շտապ․ինֆո անվանումով կայքը հակառուսական գործիչների, կուսակցությունների ատելություն տարածող հայտարարությունները բաց չի թողնում։ Այս կայքը շատ է անդրադառնում «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվող ուժի հայտարարություններին։ Իսկ այս ուժը հայտնի «Սասնա ծռեր» կուսակցությունն է, որը Երևանում ահաբեկչություն էր իրականացրել ոստիկանության ՊՊԾ գնդում։
Ինչ-որ 8rd news յութուբյան ալիք նյութ էթ դնում ու վերնագրում է այսպես․ «10 минут Назад! Պուտինը Ալիևին է ուզում տալ մեր Տարածքները»։ Իրենք էլ իմացել են 10 րոպե առաջ ասում են, որ «ժողովուրդը» չեղարկի դա։
Օրինակ՝ ի՞նչ կհասկանա ընթերցողը նման վերնագրով հոդվածից․ «Պուտինի նպшտшկը Հայաստանը կnրծшնելը չէ, այլ այն … Այդ պատճառով նա 2020-ի սեպտեմբերի 27-ից պшտերшզմում է Վшրչшպետի դեմ…Պուտինն այսօր կnնին դրել է իր պետnւթյան հեղինшկnւթյունը խшխտելով պшյմшնшգրի երшշխшվորմшն պшրտшվnրվածnւթյունը, սակայն ամեն գնով ուզում է nչնչшցնել վшրչшպետին, քանի որ․․․»։
Կասեք՝ ցնդաբանություն է։ Բայց այդ ցնդաբանությունը ներկայացվում է հարյուր հազարավոր մարդկանց, որոնք մոլորված են, անգրագետ են, հակառուս չեն, բայց հակառուսական ալիքների տակ են ընկած և այլն և այլն, ու ստացվում է, որ երկրում հնարավոր է լինում տարիների ընթացքում արմատացնել այդ տրամադրվածությունը՝ «կաթիլը քար է ծակում» սկզբունքով։
Մյուսը, ինչպես արդեն նշեցինք, հակաընդդիմադիր քարոզն է։ Հարձակում են գործում ամենամեծ ընդդիմադիր ուժի ու գործչի դեմ․ խոսքը Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին է։ Իհարկե՝ հիմնական բամբասանքները տարածվում են Ռոբերտ Քոչարյանի վրա։ Հետևողականորեն ատելություն է տարածվում նաև երրորդ նախագահի նկատմամբ։
Որքան Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով երկրում իրավիճակը սրանում է՝ սոցիալ-տնտեսական, անվտանգային, սահմանային խնդիրների պատճառով, այնքան շատ են հակաքոչարյանական քարոզն ուժեղացնում։ Սա, ըստ ֆեյքային տրամաբանության, մարդկանց կստիպի «հանգիստ նստել տեղները» և իշխանության դեմ ցույցեր չանել ու չմիանալ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություններին, չհավատալ նրա ասած խոսքին և այլն։ Նիկոլ Փաշինյանը երկիրն ուղղակի աղետի է հասցրել, ուստի բոլորը փնտրում են մեղավորների։ Իսկ մեղավոր կարելի է նշանակել․ մի կողմից դա Ռուսաստանն է և Պուտինը, անձամբ, մյուս կողմից էլ Քոչարյանն է։ Եվ տրամաբանական է, որ աղետալի տեմպերի է հասել նաև հակաքոչարյանական քարոզը։
Ինչ-որ կայք է՝ yerkir.info, որը մասնագիտացված է էքստրասենսների և Նոստարադամուսի գուշակությունների և Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզի մեջ, նման նյութ է տեղադրել։
Հանրությանը, նրա գիտելիքները խորապես ուսումնասիրած ուժերը գիտեն, որ հանրությունը հավատում է ցանկացած բամբասանքի, չի վերլուծում, փաստեր չի համադրում, կարդում է ու ընդունում որպես ճշմարտություն, ուստի փորձում են ուղեղներ լվանալ։ Օրինակ՝ ինչ-որ Շտապ․ինֆո կայքում ինչ-որ neravan տեղադրել է նյութ՝ հետևյալ վերնագրով․ «Հրապարակվել է գաղտնի պահված տեսանյութ։ Քոչարյանը 1993-ին Քելբաջարը ուզում է հանձնել, իսկ 1998-ին՝ դառնում է նախագահ «ոչ մի թիզ» սկզբունքով»։
Իրականում խոսքն այն մասին է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնում է Արցախ՝ 1993 թվականին, Քարվաճառի ազատագրումից հետո՝ համոզելու, որ այն հանձնեն Ադրբեջանին։ Ժամանակ շահելու համար, համաձայնություն են կայացնում, և մեկ ամիս խնդրում․ սակայն ոչ միայն չեն հանձնում Քարվաճառը, այլև ազատագրում են մի շարք այլ տարածքներ և փակում թեման։
Այս կայքի ֆեյսբուքյան էջը ևս ատելություն տարածող հարթակ է։
Նույն կայքը ապշահար եղած մեկ այլ վերնագրով նյութ է դնում․ «Աչքերիս չեմ հավատում․ Գլխավոր դատախազը դժոխային ինֆորմացիա փոխանցեց Մարտի 1-ի և Քոչարյանի մասին»։
Բացում ես նյութը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կենսագրությունն է և մի տեսանյութ, որտեղ նա պատասխանում է պատգամավորի հարցին։ Բոլորովին կապ չունի նյութը վերնագրի հետ։ Վերնագրերով «սնվող» լսարանի համար, տպավորություն է ստեղծվում թե «դժողքային» «ճշմարտություններ է» բացահայտվել ու պարտադիր Քոչարյանն է գլխավոր դերում․ ատելության օրվա դոզան պատրաստ է։
Այս կայքերն աշխատում են նույն սկզբունքով և նույն՝ վնասելու նպատակով, ըստ երևույթին՝ կառավարվում են նույն կետից։ Բոլորին բնորոշ է նույն անգրագետ ձևակերպումները, տեղ-տեղ մեծատառերով գրելը, վերնագրերում հայերեն ա-ի փոխարեն ռուսական այբուբենի ш տառն օգտագործելը։ Նյութերին կից մի շարք լուսանկարներ են տեղադրվում, տեքստն ու վերնագիրը լինում են խիստ անհամապատասխան, իսկ վերնագիրն անպայման փաթեթավորվում է «շտապ», «ապշելու», «հասեք, որ կանխեք», «բռնվեք նոր դիտեք», «դիտեք, քանի չեն ջնջել», «ողջ հաքերներն են ուզում ջնջել այս տեսանյութը» և այլ բառերով։ Լսարանը ստանալով նմանատիպ նյութերի բազմություն, անկախ իրենից սկսում է ապրել զուգահեռ իրականության մեջ։
Բամբասանքի աղբյուր և ժամանցի օրինակ է, օրինակ՝ «Առաջին անգամ համացանցում, Շատերդ կնախանձեք, երբ տեսնեք Ռոբերտ Քոչարյանի առտանձնատունը ներսից» վերնագրով գրվածքը։
Այս գրավիչ վերնագրի ներքո տեղադրվել է մամուլի հաղորդագրություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրիում ունեցած ելույթից, որը տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի 2021թ․ նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ապա 2rd․am-ի յութուբյան ալիքից տեղադրել են «Երկրի ուժը. Ֆիլմ ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի մասին» ֆիլմը, որն էլ նկարահանվել է 19 տարի առաջ՝ 2002 թվականին։ Ֆիլմում տան ցուցադրություն անգամ չկա, պարզապես հարցազրույցներ են։ Վերնագիրը հիշեցնենք․ «Առաջին անգամ համացանցում, Շատերդ կնախանձեք, երբ տեսնեք Ռոբերտ Քոչարյանի առտանձնատունը ներսից»։ «Նախանձել ցանկացողները» կարող են բացել նշված հղումը։
Ու այսպիսի բազմաթիվ այլ դեպքեր։
Հերթական նյութում էլ, օրինակ, նշվում է, թե հաքերները ուզում են ջնջել այդ տեսանյութը․
«Ապշեցնող․ Արամ Սարգսյանը վերջապես բացում է Ռոբերտ Քոչարյանի հանցանքները, պարզվում է, որ․․․»։ Այստեղ միտքը կանգ է առնում, տեքստը կարդում եք, այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ։ Վերջում էլ մի սովորական հարցազրույց է ոչ մի բանով աչքի չընկած, բոլոր ընտրություններին թեկնածություն առաջադրող ու պարտվող Արամ Զավենի Սարգսյանի հետ։
Նիկոլական ֆեյք էջերից մեկը Սփյուռքը քեզ հետ է Նիկոլ էջն է։ Այն օրվա ընթացքում բազմաթիվ կեղծ ինֆորմացիաներ է տեղադրում՝ չմոռանալով անդրադառնալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին։ Ընդամենը օրերս՝ հուլիսի 26-ին տեղադրել է նյութ՝ հետևյալ վերնագրով․ «Մի քանի րпպե առшջ, սևն եկավ Քпչարյանների գլխին, միայն իմшնաք ինչ է եղել Սեդրակ Քոչարյանին, տшրածեք սրшնց հшսնումա..հիմա ամբողջ ընտшնիքով նստած տшռապում են….»։
Նյութը ընդամենը 2018 թվականին Սեդրակ Քոչարյանի դեմ շինծու քրեական գործի մասին է։ Վերահրապարակել են և ներկայացրել որպես սենսացիա՝ դնելով նման վերնագիր։
Կայքերն ու ֆեյսբուքյան էջերը շատ են ու մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի պատկերով․
Իրական նոր Հայաստան․ Սա տեղադրում է Yerevanyan Blog TV յութուբյան ֆեյք ալիքի hayfanat․ru կայքի` հակառուսական և հակաքոչարյանական ատելությամբ լցված նյութերը՝ «Աշխարհը Մերժեց Պուտինին` Հենց Հիմա բացառիկ լուր» և նմանատիպ այլ վերնագրերով։
Հայեր միացեք ֆեյսբուքյան էջը, որը լուրերը տեղադրում է http://lureraysor.ru կայքից և ամբողջությամբ հակառուսական ու հակաքոչարյանական տրամադրությունների մեջ է։ Տարածում է մեծ ստեր ու ատելություն՝ սենսացիոն վերնագրերով, որոնք որևէ պարագայում իրականության հետ կապ չունեն։
Ուսումնասիրությունը, որը ներկայացրեցինք, եղած իրավիճակի միայն փոքր մասն է, այդ կայքերն ու էջերը հարյուրավոր են, վստահաբար՝ ներկայացնում են ազգային անվտանգությանը սպառնալիք։ Սպառնալիք է, քանի որ հանրությանը մշտապես պահում է ներվի, ատելության, մոլորության և ապատեղեկատվության զուգահեռ իրականության մեջ։ հաջորդ սպառնալիքն այն է, որ քաղաքական և հասարակական տրամադրություններն ուղղորդվում են, չի տրամադրվում առողջ կարծիք կամ իրականություն, այլ մոլորեցնում է, շեղում է իրական պատկերից։ Այդ ապատեղեկատվությունները խաթարում են հայ-ռուսական իրական հարաբերությունները հանրության շրջանում, Ռուսաստանում ապրող հայրենակիցը նույնպես կարդում և ապրում է այլ իրողությունների շրջանակում՝ չպատկերացնելով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում։
Հատկանշական է, որ այդ ապատեղեկատվության և ատելությունը հոսանքները զուգադիպում են թիրախների առումով, դրանք հավասարաչափ, թիրախավորում են Ռուսաստանը, նրա նախագահին, իսկ Հայաստանյան թիրախն է Ռոբերտ Քոչարյանը, այժմ արդեն «Հայաստան» դաշինքը։ Ստացվում է, որ այն ուժերը, որոնք սպասարկում են այս իշխանություններին, միաժամանակ Փաշինյանին վտանգ են տեսնում մեկ Քոչարյանին, մյուս կողմից՝ Ռուսաստանին։
Իսկ հանրությունն ակամա ապրում է իշխանական քարոզչամեքենայի ազդեցության տակ, զուգահեռ իրականության մեջ։