Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ փետրվարի 13-ին, Վերածննդի հրապարակում էին հավաքվել Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, ազատամարտիկներ: 31 տարի առաջ նրանք Արցախի տարբեր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում դուրս էին եկել հրապարակ՝ բարձրացնելու մայր Հայաստանին միանալու արդարացի պահանջը: 1988թ.-ի փետրվարի 13-ին Ստեփանակեևտում տեղի ունեցավ քաղաքի աշխատավորների և ուսանողների առաջին հանրահավաքը, և շարժումը դարձավ համաժողովրդական:
Մինչ այդ՝ փետրվարի 11-ին ու 12-ին, հավաքներ տեղի ունեցան Մարտունիում, Հադրութում եւ Ասկերանում: Այսօր նրանք հավաքվել էին Վերածննդի հրապարակում` իրար բարեւելու, հիշելու պատմական պահը:
Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանի կարծիքով, անկախ քաղաքական զարգացումներից, շարժման արդյունքում այսօր ունենք պետականություն, Արցախի Հանրապետություն, ազատագրված տարածքներ. սա ամենակարևոր ձեռքբերումն է: «Այսօրվա կարգավիճակով երկու հայկական պետություն ունենք, ապագայում կունենանք մեր երազանքը՝ Միացյալ, Անկախ Հայաստանը»: Նա կարևորել է ժողովրդի զարթոնքը, միասնականությունը, որը դրսևորվել է նաև 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ. «Ժողովրդի դերակատարությունը փետրվարին և այսօր էլ ամենակարևորն է: Ժողովուրդն արդեն իսկ իր խոսքն ասել է, մնում է ճիշտ կառավարելը»:
Հավաքված ակտիվիստներից Սերժիկ Գրիգորյանը նշել է, որ 1988թ. հունվարի 1-ից հետո թուրքերեն լեզվով 5 օբյեկտ պետք է բացվեր Ղարաբաղում՝ թատրոն, հեռուստատեսություն, ռադիո, 400-ից ավելի ուսանող ունեցող ուսումնարան, հրատարակչություն և այդքան էլ պիտի մասնագետներ, ուսանողներ գային:
Նա կարևորել է Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության բարոյական կողմը, որն էլ ստիպեց հայերին դուրս գալ փողոց. «Հաստատ գիտեինք՝ ինչ ենք ուզում, ինչի համար ենք դուրս գալիս, միակ բանը, որ կիսատ ենք իմացել, որ զինվելու անհրաժեշտությունն էր»:
Արցախյան շարժման մասնակիցը ներքին թշնամուն է մեղադրում շարժումն այլ ուղղությամբ տանելու համար. «Մեր միակ նպատակը միացումն էր: Մեկ-մեկ ջարդելը հեշտ է, բայց եթե միավորված լինենք, ոչ ոք չի կարող մոտենալ մեզ: Ով դեմ է միացմանը, ուրեմն մեր թշնամին է»:
Մարտունիում կայացած առաջին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած Յուրի Գրիգորյանը նշել է, որ եթե ակտիվիստները նույնիսկ կրակ էլ դառնային, էլի ոչինչ չէին կարողանա անել, եթե ժողովուրդն ընդունած չլիներ ոտքի կանգնելու որոշումը. «Ժողովուրդը զգում էր, որ թուրքական նուրբ դիվանագիտական եղանակով ազերիները հափշտակում են մեր պատմությունը, իսկ եթե պատմությունը գողանաս, ժողովուրդը կվերանա»: