Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները և պաշտոնատար անձինք միացել են ընդդեմ Կովկասի մուսուլմանների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի:
Թուրքական Haber Global հեռուստաալիքը հոդված է պատրաստել՝ կապված Փաշազադեի՝ վերջերս արած հայտարարության հետ, թե Ադրբեջանը հաղթանակ է տարել Արցախում Թուրքիայի և Իրանի աջակցության շնորհիվ: Նա մասնավորապես ասել է, որ այաթոլլահ Խամենեիի ֆեթվան և նրա խոսքերը, որ «Ղարաբաղը իսլամական հող է», Ադրբեջանին հաղթանակ են բերել «հայրենական պատերազմում»:
Անկարան վրդովվել է այն փաստից, որ ադրբեջանցի հոգևոր առաջնորդը հիշատակել է Իրանը, քանի որ միայն թուրքական կողմն էր ամբողջությամբ աջակցություն ցուցաբերում Ադրբեջանին։ Ի դեպ, Թուրքիան պաշտոնական հերքում է, թե մասնակցություն է ունեցել Արցախի դեմ պատերազմին:
Հեռուստաալիքի նյութում Փաշազադեի հայտարարությունը որակվում է որպես անհեթեթ: Միևնույն ժամանակ, Իրանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցվում հակամարտության մեջ հայկական կողմին աջակցելու, իրանական ընկերությունների՝ արցախյան ընկերությունների հետ համագործակցելու և այլնի վերաբերյալ: Իրանը նույնիսկ «մեղավոր» է դարձել Շուշիի պարսկական մզկիթը վերանորոգելու համար։
Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունները մեկնաբանել է նաև Թուրքիայի նախագահի խորհրդական Մոջահիթ Քյուչուքյըլմազը:
«Երբ Խամենեին զենք էր ուղարկում Հայաստան, նա ֆեթվա ուղարկեց նաև Ադրբեջան: Բայց Խամենեիի ֆեթվան գերակշռեց նրա զենքի նկատմամբ»,- գրել է նա Twitter- ում:
Կարևոր է նշել, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը երբեք և ոչ մի տեղ չի հայտարարել, որ «Ղարաբաղը իսլամական հող է»: Այս ադրբեջանական կեղծիքը երկար տարիներ տարածվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ Իրանի ժողովրդին Բաքվի կողմը գրավելու և հայերի դեմ հանելու համար, բայց որևէ փաստ չկա, որ Խամենեին Արցախն անվանել է իսլամական հող: