Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության 2014 թ. օգոստոսի 14-ին ընդունված որոշումով` պայմաններ ստեղծվեցին Դաշտադեմ ամրոցի 2008 թ. ընդհատված վերականգնողական աշխատանքների վերսկսման համար:
Ընդունված որոշման համաձայն՝ հուշարձանի վերականգնման աշխատանքները խորչընդոտող անշարժ գույքը ճանաչվում է բացառիկ՝ գերակա հանրային շահ, որի փոխհատուցման համար գույքի սեփականատերերին կվճարվի 27091.15 հազ. դրամ գումար (անշարժ գույքի շուկայական արժեքի հաշվարկն իրականացրել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ): Փոխհատուցման համար նախատեսված գումարից 13 մլն դրամ գումարը վերաբաշխման միջոցով նախարարությունը հատկացնում է իր խնայողություններից, իսկ 14091.15 հազ. դրամ գումարը ՝ ՀՀ կառավարությունը՝ պահուստային ֆոնդից:
ՀՀ Արագածոտնի մարզի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան ամրոցը հանրապետությունում հնարավորինս ամբողջական պահպանված եզակի ամրաշինական համակարգերից է: Ենթադրվում է, որ այն կառուցվել է VII դ. ուրարտական ամրոցի տեղում Կամսարականների օրոք: Իր ազգագրական նկարագրով առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև Դաշտադեմ բնակավայրը, որի ներկայիս բնակիչների նախնիները 1918-1920 թթ. այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանից, մասնավորապես` Սասունից, Մուշից, Խնուսից:
Նկատի ունենալով ամրոցի գիտական, պատմաճարտարապետական բացառիկ նշանակությունն ու պահպանվածության վիճակը, բնակավայրի պատմաազգագրական նկարագիրը՝ նախարարությունը 2006 թ. ձեռնարկում է հուշարձանի ուսումնասիրման և վերականգնման, միջնաբերդի տարածքն «օտար» կառույցներից «ազատելու» աշխատանքները: 2008-2010 թթ. ընդհատվում են ամրոցի վերականգնողական աշխատանքները: Ընդհատված աշխատանքները վերսկսելու և այն ոչ ՀՀ պետբյուջերի հաշվին իրականացնելու համար նախարարությունը 2012 թ. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամին է ներկայացնում «Դաշտադեմ ամրոցի և նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման» համալիր ծրագիրը, որի ամբողջական իրականացման համար, համաձայն մասնագետների կազմած խոշորացված հաշվարկի, անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար գումար:
2013 թ. հավանության արժանացած ծրագրից, որպես առաջնահերթ իրականացվելիք աշխատանքներ հիմնադրամին է ներկայացվում միայն Դաշտադեմ ամրոցի ուսումնասիրման, վերականգնման աշխատանքներին նվիրված 500 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ծրագրային հայտը, որը ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (AMAP) ՀԿ-ն (ծրագրի շահառու) նախատեսում են իրականացնել փուլային սկզբունքով: Մեկնարկային փուլի համար ներկայում հիմնադրամի կողմից հատկացվել է շուրջ 59 հազ. ԱՄՆ դոլար գումար՝ որը կարող է իրացվել միայն առաջին պարսպապատի վրա «նստած» անշարժ գույքի ձեռքբերումից հետո, երբ ամրոցն իր ներքին տարածքով լինի միայն պետական սեփականություն:
Ծրագրի նպատակն է Դաշտադեմ ամրոցի բազայի վրա կազմակերպել Միջնադարյան Հայաստանի ռազմական արվեստին նվիրված մշտական ցուցադրություն և հիմնադրել արգելոց-թանգարան, մոտ ապագայում այն մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոնի վերածելու ակնկալիքով: Ինչպես նաև նպաստել ծրագրի ազդեցության գոտում ընդգրկված բնակավայրերի մշակութային բազմազանության պահպանմանը, զբոսաշրջության կայուն զարգացմանը: