Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երասխի հարեւան Պարույր Սեւակում իրավիճակը հանգիստ է։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն գրանցվել, մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղված։ Գյուղը մոտ է թշնամու՝ Նախիջեւանի ուղղությամբ դիրքերին, դրանից բացի՝ քիչ է հեռու օրեր շարունակ կրակահերթերի տակ ապրող Երասխին։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Ստեփանյանը Yerkir.am-ին հայտնեց՝ գյուղում վիճակը հանգիստ է, լարվածություն չկա, բայց, այնուամենայնիվ, թշնամու հետ սահմանից շատ հեռու չէ։
«Պարույր Սեւակը թշնամուց մոտավորապես 2,5-3 կիլոմետր է հեռու, նայած հատված, բայց ոչ թե գյուղի վարչական տարածքից, այլ շինություններից, բնակավայրից։ Կրակոցներ մեզ մոտ չկան, ինչ կա, Երասխի հատվածում է»,-նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ գյուղի գործերով են զբաղված։ Վախենալու ոչինչ չկա, ասում է, մարդիկ իրենց այգիներում են, ազատ տեղաշարժվում են գյուղի տարածքում։ Հիշեցնենք, որ թշնամին մի քանի օր կրակահերթերի տակ էր պահում Արարատի մարզի Երասխ գյուղը, երեկ գիշերն էլ անկանոն կրակ է բացել Սյունիքի Տեղ համայնքի, Գեղարքունիքի Սոթք եւ Կութ գյուղերի ուղղությամբ։ Երասխի ուղղությամբ կրակոցները շարունակվել են մի քանի օր։ Հրազենային վիրավորում էր ստացել Երասխի գյուղապետը, զոհվել է պայմանագրային զինծառայող։ Պարույր Սեւակը, որն ամենամոտն է Երասխին, ապրում է իր առօրյայով։
«Հնարավոր է լսվեն կրակոցները, բայց ուշադիր չեմ եղել։ Կարող են լսվել, կարող են չլսվել։ Չնայած Երասխից 9 կմ հեռավորության վրա է, հենակետը՝ ավելի հեռու, բայց երկուսն էլ սահմանամերձ գյուղ են»,-Yerkir.am-ին ասաց համայնքապետը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ գյուղացիները չեն վախենում, մշակն իր գործին է, անասնապահն՝ իր։
«Բացարձակ ոչ մի խնդիր չկա, էնպիսի իրավիճակ չի տիրում, որ, ասենք, ինչ-որ մի բան խանգարի կամ վախեցնի, մտահոգություն առաջացնի, նորմալ է, հանգիստ»,- հայտնեց Լյուդվիգ Ստեփանյանը։