կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-17 11:13
Քաղաքական

Եվրոպացին եկել և լուրջ դեմքով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ու առաջընթացից է խոսելո՞ւ. Ք. Վարդանյանը՝ վերջին ակցիայի մասին

Եվրոպացին եկել և լուրջ դեմքով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ու առաջընթացից է խոսելո՞ւ. Ք. Վարդանյանը՝ վերջին ակցիայի մասին

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի՞նչ է տեղի ունեցել այսօր։
 
Իրականում շատ բան, բայց մեկին ուզում եմ անդրադառնալ. այսօր Դաշնակցության երիտասարդականը բողոքի ցույց էր կազմակերպել Եվրոպայի խորհրդի նախագահի այցի կապակցությամբ, որովհետև Եվրոպան լուռ էր երբ մեզ՝ հայերիս դեմ ֆոսֆորային զենք էր կիրառվում Արցախում:
 
Լռում էր, երբ Արցախում սպանվում էին խաղաղ բնակչներ:
 
Լուռ էր, երբ մեր չկայացած դիկտատորը, չագուչը ձեռքին, քարոզարշավ էր անում:
 
Լռում է, երբ ամեն օր Հայաստանում ավելանում են քաղբանտարկյալները:
 
Ու հիմա եկել, լուրջ դեմքով ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ու առաջընթացից են խոսելու։
 
Չէ, իհարկե սա աշխարհի պես հին երևույթ է, բայց այստեղ կարևորն այլ բան է։ Որևէ մեկը չի ակնկալում, որ ԵՄ-ն կամ այլ քաղաքական ուժ մի օր մտահոգվելու է մեր խնդիրներով, իր գործերը թողած` սկսելու է գործել` մեր շահերից ելնելով, առնվազն մեր մեջ նման միամիտներ չկան։
 
Բայց, այ սիրելի հայրենակիցներ, էլ ոնց ձեզ բացատրենք, որ նորմալ չի, որ այս վիճակում Հայաստանում ընդվզում չկա։
 
Հիմա մենք, երբ տեսնում ենք, որ հայրենիքի կորստից, դավադիր պատերազմից, Հայաստանի ամենախայտառակ ընտրություններից մեկից հետո գրեթե բոլորը հարմարվել ու անցել են իրենց կյանքին, մենք մեր պարտքն ենք համարում ընդվզման թեկուզ թույլ, բայց կարևոր ձայն բարձրացնել։
 
Մենք դա անում էինք նաև անցած տարի, երբ Ուկրաինան հակահայկական հայտարարություն էր անում (ու իշխանության ներկայացուցիչները վատանում էին դրանից), մենք դա անելու ենք հետագայում։ Անելու ենք միշտ։
 
Անցած տարի էլ էի նույն բանի մասին գրել. ես մենակ ցավում եմ, որ այլ՝ հատկապես երիտասարդական կազմակերպություններ չկան, որ իրենք էլ զբաղվեն էս հարցերով, ցավում եմ, որ 2018-ից հետո Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, մինչև այդ եղածն էլ պարզվեց, որ պաշտոնի համար էր։
 
Ոչինչ, թող ես ու իմ ընկերները լինենք «փողով ցույց անող, ինչ-որ գերտերությունների հպատակներ»։ Սա պետք է Հայաստանի համար, ուրեմն պետք է արվի»։