կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-08 14:08
Քաղաքական

Մենք նահանջում ենք ժողովրդավարությունից. Թագուհի Թովմասյան

Մենք նահանջում ենք ժողովրդավարությունից. Թագուհի Թովմասյան

Խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնություններն ու հարկադրանքի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի ապտակ ժողովրդավարությանը. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա անընդունելի համարեց ընդամենը քաղաքական ակցիային մասնակցելու կամ քաղաքական միտք արտահայտելու համար քաղաքացուն ձերբակալելը և դեպքի վայրից բերման ենթարկելը:

«Մենք լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից»,- հայտարարեց Թագուհի Թովմասյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Մոսկվա մեկնած ԱԺ պատվիրակության կազմում ընդդիմությունից միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանն են եղել, նա նշեց, որ իր մասնակցության հարցը քննարկել է խմբակցության ղեկավարի հետ:

«Պատվիրակություն կազմողը պետք է պատասխանի, թե ում ՞նչ սկզբունքով կամ ում երբ է հրավիրել, ով ինչ պատասխան է տվել։ Ես քննարկել եմ խմբակցության ղեկավարի հետ և իմ քայլերի մասով բացառապես ես եմ պատասխանատու։ Չեմ կարծում, որ որևէ այլ մեկնաբանություն այստեղ ընդհանրապես գոյության իրավունք ունի, որովհետև զարմանալի չէ, որ խորհրդարանական պատվիրակության կազմում կարող են լինել պատգամավորներ»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորը հայտնեց, որ Մոսկվայից եղել է հրավեր ԱԺ նախագահին և ձևավորվել է պատվիրակություն, իսկ այցը ճանաչողական էր:

Ինչ վերաբերում է իշխանության հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին, պատգամավորն ասաց. «Այո՛, ես եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ և դուրս եմ եկել խմբակցությունից, ու եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որևէ ընդհանուր բան ունենալու, կշարունակեի մնալ խմբակցությունում, որևէ կաշկանդող բան չէր լինի»: