կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 16:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքի համայնքապետերի հետապնդումները չեն կարող ազդել սյունեցիների դիմադրության ոգու վրա. Աննա Գրիգորյան

Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումները չեն կարող ազդել սյունեցիների դիմադրության ոգու վրա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած՝ «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին:

Նա նշեց, որ համայնքապետերն իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել այն բանից հետո, երբ դավադիր կերպով հակապետական որոշում էր կայացվել։

«Դեկտեմբերի 17-ին, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, մենք պետք է զիջեինք Սյունքի անվտանգության գոտին: Բայց միայն համայնքապետերը չէին դեմ այս որոշմանը, ողջ Սյունիքն էր ոտքի կանգնել: Եթե այս իշխանությունների մոտ կա թյուրընկալում, որ միայն համայնքապետերին չեզոքացնելով կարելի է  ընդհանրապես ճնշել ժողովրդին, վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Նա նշեց, որ շփվում է սյունեցիների հետ ու անկախ նրանից, թե ինչպիսին էին ընտրության արդյունքները, նույնիսկ այն սյունեցիները, որոնք իրենց ձայնը տվել են գործող իշխանությանը, չեն հանդուրժելու հերթական զիջումը:

«Սա փաստ է, հետևաբար, անմիտ է այն ենթադրությունը, որ կարելի է բոլոր համայնքապետերին ձերբակալել, կալանավորվել, և սյունեցիները նստելու են տանն ու չեն ընդդիմանալու հերթական զիջմանը, հատկապես երբ թշնամի երկրի ղեկավարի կողմից հնչում են արտահայտություններ, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, պետք է վերադառնան: Ո՛չ, այդպես չի լինելու, ողջ Սյունիքը ոտքի է կանգնելու դա թույլ չտալու համար»,- ասաց նա:

Աննա Գրիգորյանի դիտարկմամբ, մեր պետականությունը մեծ հարցականի տակ է:

«Սյունիքը դարձել է եռադրոշ՝ հայկական, ռուսական, ադրբեջանական, երբեմն չես էլ հասկանում, ո՛ր տարածքն է այս իշխանության կողմից հայտարարված ադրբեջանական, ո՛րը հայկական»,- նշեց նա:

Իշխանությունը չի հասկանում, թե ինչ ուղղություն է դավանում, ՀՀ-ն որ ուղղությամբ է տանում՝ նշեց նա:

«Ընդդիմադիրների ուսերին է մնացել այն ծանր պատասխանատվությունը, որ մենք ժողովրդին առաջարկենք ազգային զարգացման տեսլական: Կարծում եմ, սրա վրա ապագայում հատուկ շեշտադրում կունենանք: Որևէ ժողովուրդ չի կարող առաջ նայել, որևէ երկիր չի կարող զարգանալ, եթե չունենա տեսլական: Գաղափարական սնանկությունը ևս լուրջ մարտահրավեր է մեզ համար, իշխանությունից որևէ կերպ սրա լուծումները գտնել հնարավոր չէ, ինչպես նաև մնացած բոլոր ասպեկտներում, հետևաբար, շատ ակտիվ պետք է նաև սրանով զբաղվենք»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․