կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 13:27
Տնտեսական

Ջրամբարների ջուրը ծախում են թուրքերին․Սուրեն Պապիկյանը միայն ասֆալտով չի զբաղվում, ոռոգման համակարգն էլ է նրա ենթակայության տակ․ Հ․ Բերբերյան

Ջրամբարների ջուրը ծախում են թուրքերին․Սուրեն Պապիկյանը միայն ասֆալտով չի զբաղվում, ոռոգման համակարգն էլ է նրա ենթակայության տակ․ Հ․ Բերբերյան

Տարածքային կառավարման նախարարության, դրան ենթակա կազմակերպությունների պանծալի աշխատանքի շնորհիվ մեր ջուրը ՀԷԿ-երի միջոցով գնում է Թուրքիա։ Ջրամբարների ջուրը տվեցին ՀԷԿ-երին, որ բիզնես անեն, հետո թափվեց Ախուրյանի ջրամբարը, էնտեղից էլ 50-60 տոկոսը թուրքերն են տանում․ խոսելով մարզերում երաշտի ու ջրի բացակայության մասին՝ Yerkir.am-ին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ գարնանը մեր երկրում եղել են առատ տեղումներ թե՛ ձյան, թե՛ անձրեւի տեսքով։ Գյուղատնտեսական տարին, ըստ Բերբերյանի, նույնիսկ երկու շաբաթ հետ է ընկել։ Բայց դաշտերն ու այգիները հայտնվել են սոսկալի վիճակում, մարդիկ ճանապարհներ են փակում, ուշադրություն դարձնող չկա։

«Արփի լիճը, որի հայելին 110 միլիոն խմ է, մի ամիս առաջ մեկնարկել է աշխատանքը 65-70 միլիոնով՝ 45 միլիոն պակաս։ Վաճառել են։ Կառնուտի ջրամբարը․ էնտեղ պետք է լիներ 15-16 միլիոն, 4 միլիոն է, որից կեսը տիղմ է եղել։ Նույնիսկ տիղմը չեն մաքրել, բայց էդ գումարները լափել են։  Դա պարտավոր են մաքրել, որ ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակվի»,- ասաց Բերբերյանը։

Նա նշեց, որ մի երկրում, որտեղ չորս շաբաթ տեղումներ չեն լինում, կառավարությունն անհապաղ երաշտ է հայտարարում։

«Չեն աշխատել, ուրիշ բան չկա։ Փողերը լափել են։ Փաշինյանը թող գնա, իր ապարատում կոռուպցիայի հետքեր գտնի։ Սա, անկասկած, բիզնես պլան է եղել։ Ինչո՞ւ պետք է ջրամբարը ՀԷԿ-ին ջուր տա, ինչո՞վ են շահագրգռված։ Մի երկու կոպեկով էլեկտրաէներգիա են ստացել, ջուրն էլ, ըստ լուրերի, վաճառել են թուրքերին։ Դե թող քրեական գործ հարուցի։ Համոզված եմ՝ հետքերը կբերեն կառավարություն»,-Yerkir.am-ին ասաց  «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։

Ըստ նրա՝ ՀԷԿ-երը տարին 12 ամիս աշխատում են, եւ այստեղ էլ նրանք են խախտում նորմատիվները։ Ջուրը չափից շատ են վերցնում։

«Թող նշանակեն մի բարեխիղճ քննիչ ԱԱԾ-ից, տեսեք հետքերը ուր են բերում։ Սուրեն Պապիկյանը միայն ասֆալտով չի զբաղվում, ոռոգման համակարգն էլ է նրա ենթակայության տակ։ Եթե տեղումների հաշվին Սեւանը բարձրանում է, ո՞նց կարող է ջրամբարները չլցվեն։ Կա՛մ միտումնավոր չեն լցրել, որն արդեն թշնամություն է, կա՛մ վաճառել են։ Ավելի շուտ վաճառել են»,-Yerkir.am-ին հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։