կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-18 14:05
Հասարակություն

Մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է ևս 21 կմ-ով

Մայրաքաղաքի  ոռոգման համակարգն ընդլայնվել է ևս 21 կմ-ով

Երևանը կանաչ տարածքներով համալրելու` 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն, ընդհանուր առմամբ, կհասնի 850.0 հա-ի: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման  ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ.-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.-ի ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ մակերես  արդեն լիովին ոռոգելի է դարձել: 


Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած  աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել՝ 16 հազար տարբեր տեսակի ծառեր:  Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այդ թվում` տնկվել է շուրջ 300 հազար վարդակակաչ և 12 հազար վարդի թուփ: Արդյունքում մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքն այս տարի կազմել է 6.8 հա, որը 1.1 հա-ով ավելի է  2012թ.-ի ցուցանիշից:


Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը:  Անցած ժամանակահատվածում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, թարմացվել են գոյություն ունեցող ևս 16 հա սիզամարգերը:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 70 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  դեռևս ընթացքի մեջ են ևս 20-ի տեղադրման աշխատանքները: