Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Այս առնչությամբ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ՀՀ պատվիրակության համար անվտանգության հավելյալ միջոցներ ստանալու ակնկալիքով` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և, ընդհանրապես, ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այս երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը, խտրական վերաբերմունքն էթնիկ հայերի նկատմամբ: Բայց Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մենք այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ ենք եղել քարտուղարության հետ, և քարտուղարության կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները ստանալու համար: Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, ըստ որի` Ադրբեջանն, ըստ էության, հրաժարվել է գրավոր տրամադրել հավելյալ անվտանգության միջոցառումներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր և մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար»,- հայտնեց Նաղդալյանը:
Նա նշեց, որ դա արատավոր նախադեպ է, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության` նիստին մասնակցելու իրավունքների իրականացումը: «Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այդ արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ»,- ընդգծեց Նաղդալյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտոնեի հայտարարությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ իրեն վերագրվող տեղեկության մասին:
«Ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալն իբր հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչը լուրի հրապարակվելուց հետո անմիջապես կապ է հաստատել գլխավոր քարտուղարի տեղակալ Օտոնեի հետ: Նա հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող տեղեկատվությունը՝ Արցախ առաքելություն ուղարկելու մասին։ Օտոնեն նշել է, որ ինքը, ի պատասխան հնչած հարցին, ընդհանրապես խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` առաքելություններ ուղարկելու պրակտիկայի մասին և նշել, որ տվյալ առաքելությունն ուղարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի շահագրգիռ կողմերը համապատասխան դիմում ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նաև նշել է, որ առաքելության իրականացման համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության միջոցներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու մասին որևէ խոսք չի եղել: Օտոնեն նաև նկատել է, որ իր մեկնաբանությունը եղել է շատ պարզ և չպետք է որևէ տարընթերցման տեղիք տար»,- ամփոփեց Նաղդալյանը: