|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նյու Ջերսիի նահանգային Սենատի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործում գնահատելի են Հայ Դատի աշխատանքները, հատկապես՝ Հայ Դատի Արևելյան շրջանի գրասենյակի դերակատարությունը: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Միջազգային հարաբերությունների հարցերով ԱՀ նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
«Արցախի Հանրապետության ճանաչման փաստը առավել քան կարևորվում է հենց այս փուլում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանն ամեն առիթով շեշտում է հակամարտության վերջնական կարգավորման մասին և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը ցանկանում է դուրս մղել, սա հակընդդեմ քայլ է հենց ադրբեջանական հռետորաբանությանը»,- նշել է Նելլի Բաղդասարյանը: Նա կարևորել է նաև փաստաթղթի բովանդակությունը, որտեղ հավասարապես դատապարտվում են Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն Արցախի Հանրապետության նկատմամբ և կոչ է արվում դրանք դիտարկել որպես ռազմական հանցագործություններ:
Ըստ ԱՀ նախագահի խորհրդականի՝ ստեղծված բարդ իրավիճակում ավելի մեծ ջանքեր պետք էր գործադրել նման վերջնարդյունքի հասնելու համար, հատկապես պատերազմից հետո հեշտ չէ ունենալ այսպիսի խոշոր նշանակության ակտ:
«ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է և այս առումով ևս այս ակտին պետք է մեծ նշանակություն տալ: Համանախագահների վերջին հայտարարության մեջ կրկին հղում էր արվում երեք սկզբունքներին՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և ուժի սպառնալիքի չկիրառում»,- նշել է Ն. Բաղդասարյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով նույնիսկ համայնքների մակարդակով Արցախի ճանաչման կարևորությունը: