կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 12:05
Աշխարհ

Տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. Դուշանբե

Տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. Դուշանբե

Աֆղանստանի զինծառայողների մի խումբ, չդիմանալով «Թալիբան» շարժման գրոհին, նահանջել է Տաջիկստանի տարածք. երկուշաբթի հայտնում է Avesta.Tj-ն՝ հղում անելով Տաջիկստանի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնին:

Հաղորդվում է, որ կիրակի առավոտյան «Թալիբան» խմբավորումը հարձակվել է Աֆղանստանի Բալխ նահանգի Կալդոր շրջանի Չուքչուկ սահմանային անցակետի վրա:

«Դաժան բախման արդյունքում, որը տևեց մինչև 12:50-ը, Աֆղանստանի կառավարական ուժերի 17 զինծառայող, կյանքեր և անձնակազմ փրկելու համար, ստիպված եղան նահանջել Տաջիկստանի Հանրապետության տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տաջիկ սահմանապահները, առաջնորդվելով հումանիզմի և բարիդրացիության սկզբունքներով, թույլ են տվել աֆղան զինվորականներին՝ ազատորեն մուտք գործել իրենց տարածք:

«Իրավիճակն այս սահմանային հատվածում շարունակում է լարված մնալ, շարունակվում են մարտերը «Թալիբան» շարժման և Աֆղանստանի կառավարական զորքերի միջև»,- ասվում է Տաջիկստանի սահմանապահ զորքերի հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, 134 աֆղան զինծառայող է նահանջել Տաջիկստանի տարածք՝ Փանջ սահմանապահ ջոկատի տարածքում, այն բանից հետո, երբ «Թալիբան»-ը հարձակվել է Կունդուզ նահանգի Շերխան Բանդարի սահմանային կոմիսարիատի վրա:

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին իրավիճակը լարված է գնահատվում, վիրավոր, սպանված և գերեվարված աֆղան զինվորների ընդհանուր թիվը Շերխան Բանդարի տարածքում կազմում է մինչև 100 մարդ: