Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Gallup International-ի վերջին հարցումների համաձայն՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը շարունակում է ժողովրդականություն վայելել: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ հայ հասարակության շրջանում աճում է անվստահությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ, և մերժվում է նրա ուղեգիծը: Սա նշանակում է, որ Քոչարյանը և նրա կոալիցիան գործնականում մրցակիցներ չունեն քվեարկության նախօրեին: Ընտրությունները կարող են լինել լարված քաղաքական սեզոնի ավարտը, որի հիմնական իրադարձությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղության համաձայնագրի ստորագրումն էր: Lenta.ru-ն պարզել է, թե ինչպես կարող են փոխվել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, եթե Քոչարյանը հաղթի, և ինչի վրա է խաղադրույք կատարում նրա թիմը:
Բազմավեկտորության ավարտը
Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից և ձգձգվող քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանը փորձում է կարգավորել իրավիճակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Դրանք տեղի կունենան երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին: Նախընտրական մրցավազքի պաշտոնական մեկնարկը տրվել է երկուշաբթի՝ հունիսի 7-ին: 26 կուսակցություն և դաշինք մտել են իշխանության համար պայքարի մեջ:
Առաջին օրերից պարզ դարձավ, որ նոր վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդը, որը երկիրը հնարավոր է դուրս բերի ճգնաժամից, կլինի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընտրություններից մի քանի օր առաջ նրա քաղաքական դաշինքի և Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի միջև անջրպետը ընդամենը 2 տոկոս է:
Ըստ Քոչարյանի` Փաշինյանի գլխավորած ներկայիս կառավարությունը ի վիճակի չէ համարժեք գնահատել երկրի ներսում ստեղծված իրավիճակը և միջազգային ասպարեզում հարաբերություններ կառուցել դաշնակիցների հետ: Իր հերթին, բարձրաձայնելով խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին, Քոչարյանն ընդգծել է, որ «ինքը երբեք չի փորձել խաղալ բոլոր ճակատներում»: Դրանից հետո բազմավեկտոր աշխարհաքաղաքական սխեմաներից հրաժարվելու այս կոչը մշակվել է «Հայաստան» դաշինքի ծրագրում: Քոչարյանն ու նրա համախոհները հստակ ասում են, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանը պետք է դառնա Հայաստանի առանցքային գործընկերը, ինչպիսին մինչև 2018 թվականն էր:
Սրա մասին է վկայում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդի հեռախոսային խոսակցությունը: Կրեմլը նախընտրում է գործ ունենալ ուժեղ և համակարգված խաղացողների հետ: Մինչդեռ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության եկավ «թավշյա հեղափոխությունից» հետո, իր ռուս գործընկերների մոտ չկարողացավ ինքնահաստատվել:
Փաշինյանի իշխանության գալով՝ կողմնորոշումը դեպի Ռուսաստան մղվել է երկրորդ պլան: Սիրախաղերը ՆԱՏՕ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ գրավել են առաջին տեղը: Աշխարհաքաղաքական այս կոպիտ սխալի արդյունքը եղավ պատերազմը Լեռնային Ղարաբաղում... Այդժամ Փաշինյանի շուրթերից հնչող հակառուսական հռետորաբանությունը հասավ իր գագաթնակետին: Փորձելով արդարացնել ձախողված ռազմական գործողությունը՝ նա հրապարակավ հայտարարեց «ռուսական «Իսկանդերի» անարդյունավետության մասին (օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում. - Lenta.ru)։ Ճիշտ է, հետագայում Փաշինյանը հետ վերցրեց իր խոսքերը:
«Որպես հայ՝ ես կցանկանայի, որ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնանար իր դաշնակցային պարտավորությունները կատարելու վրա: Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում էր ամեն ինչ անել, որպեսզի արագ դադարեցնի հակամարտությունը և դուրս գա այս անհարմար ձևաչափից, որը ստեղծվել է այս պատերազմի արդյունքում»,– նշել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։
Նման աշխարհաքաղաքական վայրիվերումներն աջակցություն չեն գտել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում, ո՛չ էլ հայկական սփյուռքում: Իրավիճակը սրվել է այն փաստով, որ Հայաստանը, կորցնելով Ռուսաստանին որպես արտաքին քաղաքական ասպարեզի հիմնական գործընկեր, լուրջ դաշնակիցներ ձեռք չբերեց ի դեմս Եվրամիության (ԵՄ) և ԱՄՆ-ի: «Այս ֆոնին՝ շրջադարձը դեպի Ռուսաստան, կարծես, ամենատրամաբանական որոշումն է, որն ակնհայտորեն աջակցություն կգտնի միլիոնավոր հայերի կողմից երկրի ներսում և արտերկրում»,- կարծում է «Հայաստան» դաշինքը:
Ուժեղ բանակ - ամուր խաղաղություն
Ռուսաստանի հետ գործընկերությունը նաև կարևոր է ռազմական դիրքերը ամրապնդելու տեսանկյունից: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, որը կարող է տնտեսական վերափոխումների լոկոմոտիվ դառնալ, վեկտոր է, որի մասին Քոչարյանը բազմիցս բարձրաձայնել է:
«Իմ զգացումն այն է, որ մեր հասարակության ճնշող մասը շարունակում է վերաբերվել Ռուսաստանին` որպես այս տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորի, որպես միակ երկրի, որն ընդունակ է դիմակայել թուրքական էքսպանսիային»,– նշել է Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ, նա միանգամայն իրատեսական է համարում Սյունիքում մեկ այլ ռուսական ռազմաբազա ստեղծելու գաղափարը: Սակայն դրա համար, ըստ Քոչարյանի, անհրաժեշտ է ունենալ Հայաստանի մարտունակ զինված ուժեր: Սա երկրին կտա պատշաճ կշիռ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում: «Հակառակ դեպքում ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի: Եթե ուզում ենք, որ խնդիրները լիովին լուծվեն գործընկերության հիման վրա, մենք պետք է արագ վերականգնենք բանակը և դաշնակիցների հետ ամրապնդենք երկրի անվտանգությունը», - ասել է Քոչարյանը և ավելացրել, որ ցանկացած այլ ճանապարհ կնշանակի ինքնիշխանության մասնակի կորուստ:
Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ նաև այլ ուղղություններով: Արագածոտնի մարզի բնակիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Քոչարյանը կրկին մատնանշել է Ռուսաստանի դերը և դրա ազդեցությունը հայկական արդյունաբերության վրա. «Մեզ այս բաղադրիչն է պետք: Քանի որ այժմ Ռուսաստանում աճում է ամբողջ ռազմական արդյունաբերությունը և, ընդհանուր առմամբ, արդյունաբերությունը, մենք կարող ենք սերտ ինտեգրման մոդելներ գտնել»:
Նման մոդելներն իսկապես շատ են: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ծրագիրը խոսում է առնվազն երեք արդյունաբերության զարգացման մասին, որոնցում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կարող է իսկապես փոխշահավետ լինել: Դրանք ճանապարհների, գյուղատնտեսական հատվածի` հայկական արտադրանքի ավելի սերտ արտահանմամբ ռուսական շուկաներ, և առողջապահության ենթակառուցվածքային նախագծերն են, որտեղ Ռուսաստանի փորձը կիրառելի է նաև հայկական իրողությունների համար:
Քոչարյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում հավատարիմ դաշնակից ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի, որը գնալով դառնում է Թուրքիայի հավակնությունների օբյեկտ: Քաղաքական գործիչն ինքը բազմիցս նշել է, որ հայ հասարակության ճնշող մասը մնում է անդրդվելի Ռուսաստանի` որպես հիմնական գործընկերոջ ընկալման հարցում:
Այսպես, թե այնպես, վերջնական պատասխանը, թե որ աշխարհաքաղաքական կողմնորոշումն է ընտրելու Հայաստանը, կտան առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Պառլամենտի տեղերի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ կառավարություն կազմելու իրավունքի համար պայքարն արդեն սկսվել է: Այս ֆոնին՝ Հայաստանը շարունակում է բազմաթիվ փորձություններ ապրել: Դա նշանակում է, որ ընտրություններում հաղթողը պետք է երկիրը տանի հակաճգնաժամային ճանապարհով, որը կլուծի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի և ռուս-հայկական հարաբերությունների նոր մոդելի կառուցման հետ կապված: