կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 12:59
Քաղաքական

Այսօրվա իշխանությունը հազարավոր զոհերի, աղքատության պատասխանատուն է․ Ռոբերտ Քոչարյան

Մենք ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք ծնկաչոք ապրել։ Մենք ուզո՞ւմ ենք ունենալ թռիչքաձեւ աճող տնտեսություն, թե՞ ուզում ենք՝  շարունակեն աճել գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը։ Մենք ուզո՞ւմ ենք ներքին համերաշխություն, կայունություն,  թե՞ ուզում ենք՝ շարունակվի ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջեւ է այսօր կանգնած մեր երկիրը։ Ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի, քաղաքական ուժերի, միավորների․ Գորիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հանդիպման եկած ընտրողներին առաջարկեց երեք քայլ՝ այսօրվա իշխանության ստեղծած հետեւանքները վերացնելու համար։

«Վերցրեք թուղթ, գրիչ, անջատեք Հ1-ն ու սորոսական լրատվամիջոցները եւ փորձեք թղթին տալ, ձեր կարծիքով, երկրի առջեւ կանգնած հիմնական խնդիրները, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ։ Ես համոզված եմ, որ առաջին տեղում լինելու է երկրի անվտանգությունը, երկրորդում՝ երկրի տնտեսական վիճակը, երրորդ տեղում՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Ինքներդ ձեզ հարց տվեք՝ այս իշխանությունը ի վիճակի՞ է այդ խնդիրների լուծումը տալ, թե՞ ոչ։ Համոզված եմ՝ ոչ, որովհետեւ այս իշխանությունը այդ խնդիրների ստեղծման հեղինակն է եւ աղբյուրը։ Իրենք են խաթարել երկրի անվտնագությունը, իրենք են պատասխանատու հազարավոր զոհերի,  բանակի այսօրվա վիճակի համար։ Իշխանությունը նույնիսկ այս քարոզարշավի ժամանակ թույն է տարածում, շարունակում բաժանել երկիրը սեւերի-սպիտակների, հների ու նորերի»,-ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց ուսումնասիրել ընտրությանը մասնակցողների ցուցակը եւ տեսնել՝ որն է այն ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ, կամային հատկություններ եւ վճռականություն՝ երկիրը այս վիճակից հանելու համար։ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ այդ ուժը իրենք են՝ «Հայաստան» դաշինքը։

Մանրամասն՝ տեսանյութում