Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որ մեր ապուպապերը, որ մեր ամբողջ անցավորները ստեղ են ապրել, ո՞նց կլինի, որ սա ադրբեջանական է՝ Yerkir.am-ին ասաց Տավուշի Կայան գյուղի բնակիչը՝ խոսելով իրենց գյուղի մի մասը Ադրբեջանին հանձնելու մտադրության մասին։
Կայանը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու է, եթե Փաշինյանը ստորագրի կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը և Տավուշի 7 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին։
GPS-ային սկզբունքով սահմանագծելու դեպքում՝ Կայանի տարածքի միջպետական ամբողջ ճանապարհն ու մի քանի շենք կանցնեն Ադրբեջանին։ Թշնամուն կանցնի նաև տեղի երկաթգծի կայարանը, ու հայերը սեփական տարածքում, փաստորեն, մաքս կվճարեն սեփական բեռների համար։
«Ադրբեջանցու շունչ էլ չենք տեսել ստեղ։ Սա մեր Հայաստանի հողն ա, մեր հայկական բնակչությունն ա։ Դե թուրքը սաղ կասի՝ մերն ա, Հայաստանը տան իրանց ու պրծնեն, էլի»,-ասաց Կայանի բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակիչ ասաց, որ սահմանն ինչպես ամուր պահել են, հիմա էլ պահելու են։
«Մինչև վերջ էլ դոշս դեմ եմ անելու, պահեմ։ Հարյուր տոկոս։ Պահելու եմ, չեմ տալու, մի մետր էլ չեմ տալու։ GPS-ին որ մնա՝ իմ սենյակի մի թայն էլ ա իրանցը, հո GPS-ով չի՞»,-ասաց բնակիչը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ստորագրելու է «100 տոկոսանող հայանպաստ փաստաթուղթ» սահմանազատման մասին, որի ձևակերպումները ենթադրում են Տավուշի 7 գյուղերի հանձնում Ադրբեջանին։ Այս գյուղերը բնակեցված են հայերով, բայց եթե GPS-ային բաժանումով տրվեն Ադրբեջանին, Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա, զրկվելու են իրենց արոտավայրերից, Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող միջպետական ճանապարհի 2 կմ հատված անցնելու է Ադրբեջանին։ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է փաստաթուղթ, որ Դիլիջանի գավառին պատկանող Սոֆուլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․