կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 16:19
Տնտեսական

Իտալական ընկերությունը Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող նոր կայան կկառուցի

Իտալական ընկերությունը Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող նոր կայան կկառուցի

Այսօր կառավարության նիստում էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ-ում գազային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին հավանություն տալու մասին հարցը: Նախարարը նշեց, որ նախատեսված է Երևանում գործող ՋԷԿ-ին կից շահագործել ևս մեկ էներգաբլոկ: Էլեկտրակայանի կառուցմամբ և դրա հետագա շահագործմամբ հետաքրքրված է իտալական «Ռենկո» ընկերությունը:

Կառավարությունը հաստատեց ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև` էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Երվանդ Զախարյանը նշեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը 215 միլիոն դոլար է, այսինքն` իտալական ընկերությունը կներդնի այդքան գումար:  Ընդհանուր նախապատրաստական աշխատանքները կտևեն 4 ամիս, որից հետո արդեն կստորագրվի կառուցման պայմանագիրը, շինարարությունն էլ նախատեսվում է ավարտել 2018-ին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Լավ ծրագիր է, օտարերկրա ներդրում է` առանց մեր երկրի պարտքի շեմին առնչվելու: Պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի, որ հետո մենք խնդիրներ չունենանք: Ես հանձնարարում եմ բոլոր շահագրգիռ նախարարություններին` երկու օրվա մեջ քննարկել այդ հարցը»: