Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:
Ողջունելով նորանշանակ դեսպանին Մայր Աթոռի հարկից ներս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու առթիվ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է երկու երկրների միջև առկա համագործակցությունը՝ հատկանշված ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններով, վստահություն հայտնելով, որ դեսպանը կարևոր ներդրում կունենա Արգենտինայի և Հայաստանի միջև կապերի առավել զորացման գործում:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետություններից է եղել, և ինչպես անցյալում, այնպես էլ այսօր իր զորակցությունն է բերում հայ ժողովրդին։
Վերհիշելով Արգենտինա կատարած իր հովվապետական այցերը՝ Նորին Սրբությունն ընդգծել է այն հոգածու վերաբերմունքը, որ դրսևորվում է Արգենտինայի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ, անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցու հետ ձևավորված միջեկեղեցական սերտ կապերին։
Դեսպան Վերգարան հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ կանի առավելագույնը երկու ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին, պատերազմի աղետալի հետևանքներին և առկա մարտահրավերներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ արծարծել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում մայիսի 27-ի առավոտյան վեց հայ զինծառայողների գերեվարման միջադեպը՝ նկատելով, որ միջազգային հանրությունն իր հերթին արձագանքի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խաթարող նման անընդունելի և դատապարտելի երևույթներին։