Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր պառլամենտում ներքևի գրառմանս թեմայով հերթական նախապատրաստական քայլն արվեց՝ Ռուսաստանի ջեբը էլի մի քանի փաթեթ քցվեց։
Իրականում մեր շահերի դեմ արևմտյան որոշակի շրջանակներ-Թուրքիա-Ադրբեջան-նիկոլականություն (գիտակցված կամ կույր կառավարմամբ) բլոկն է գործում։ Ընդգծում եմ՝ արևմտյան որոշակի ուժեր։ Արևմուտքը միատարր չէ այս հարցում։ Դրանք մեծ թուրանի պլաններին աջակցող կենտրոններն են։
Մինչդեռ, հանրության շրջանում ներարկում են ռուս-թուրքական, ռուս-ազերի դավադրության մասին։ Այնտեղ են հասել, որ դա պարզունակորեն հիմնավորում են հայերիս հաշվին Ադրբեջանին ԵԱՏՄ տանելու Ռուսաստանի ցանկությամբ, կամ ազերիների առաջխաղացումը Հայաստանի սահմանին կապում են ռուսների հետ։
Ցավոք, պարզ բանականությանը հակասող այս կեղծ պրոպագանդան օրեցօր ընդլայնվում է։ Ուղեղների լվացման մեծ ինդուստրիան իր գործն անում է։
Պահը հասունանում է, սահմանային դեպքերի աճ կարձանագրենք, զուգահեռ վայնասուն ու հայտարարություններ կլսենք, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը ոչինչ չեն անում։ Իրանք մեզ քցել են։
Ընտրություններից երկու շաբաթ առաջ (պայմանական) Հայաստանը կդիմի ՄԱԿ-ի ԱԽ, ընտրություններից մեկ շաբաթ առաջ էլ Փաշինյանը կմտնի ԱԺ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկությամբ։
Արևմտյան տեխնոլոգները վիրտուոզ են աշխատում։
Հանրությանը Ռուսաստանից հիասթափեցնելը, մեղքերը Ռուսաստանի վրա գցելը հայ հանրության փրկչի սպասող հայացքը կուղղի դեպի Արևմուտք։ Դա նաև կնշանակի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակից քաղաքական ուժերի, հատկապես Քոչարյանի, աջակից սոցիալական բազայի փլուզում մեկ հարվածով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էմին Երիցյանն անդրադարձել էր թեմային՝ կատարելով հետևյալ գրառումը․ «Կարելի է կանխատեսել, որ մեկ շաբաթից ՀՀ Ազգային ժողովին կներկայացվի ՀԱՊԿ-ից դուրս գալու առաջարկի նախագիծ, ինչը նախագծի «հեղինակին» կդարձնի միջազգային լրատվության թոփ հերոսներից, վերջինիս կդարձնի առաջատար երկրների ղեկավարների ուշադրության առարկա, ինտենսիվ հեռախոսազրույցներ կունենան նրա հետ և այլն։
Կունենանք ժողովրդավան լիդերի հեղինակության ռեաբիլիտացիա, արևմտամետ ուժերի ու կառույցների մոբիլիզացիա վերջինիս շուրջ։
Ու, որպես այդ ամենի տրամաբանական շարունակություն, հաղթանակ ԱԺ ընտրություններում ու «առանց Ռուսաստան» Հայաստան։
Ռուսաստանը 2018-ին խաղը սկսում է սպիտակներով և 2021-ին խաղը պարտվում է սպիտակներին»։